ԳլխավորԼուր

Վերանայվել է Արցախում գործող բուհերի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցը  

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով ստեղծված իրավիճակով պայմանավորված` վերանայվել է Արցախում գործող բուհերի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցը։

«Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան` ԱրՊՀ-ից տեղեկացրեցին, որ բուհում տեղի է ունեցել ռեկտորատի արտահերթ նիստ, որի ընթացքում որոշվել է 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները հետաձգել մեկ շաբաթով և կազմակերպել ապրիլի 4-ից 8-ը։

Ըստ աղբյուրի` ուսումնական պարապմունքները կշարունակվեն ըստ գործող դասացուցակի, իսկ դժվարանցանելի ճանապարհներ ունեցող համայնքներում բնակվող ուսանողների բացակայությունը կհամարվի հարգելի։

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի լրատվության բաժնի տրամադրած տեղեկության համաձայն` իրավիճակով պայմանավորված` բուհում դասապրոցեսը կսկսվի մարտի 23-ից, իսկ քննաշրջանն արդեն ավարտված է։

Մայրաքաղաքի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանից էլ հայտնեցին` պարապմունքները կվերսկսեն մարտի 22-ից, քննաշրջանը՝ մարտի 29-ից։

Իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասապրոցեսը կմեկնարկի մարտի 21-ին։ Չներկայացող ուսանողների բացակայությունը, սակայն, հարգելի կհամարվի՝ հաշվի առնելով ճանապարհների` եղանակային պայմանների պատճառով առաջացած դժվարանցանելիությունը։