ԱրցախԳլխավորԼուր

Արցախցի դասախոսների շրջանում համատարած գործազրկություն է. Տաթևիկ Գևորգյան

Տաթևիկ Գևորգյան

Usanogh.am-ը զրուցել է Արցախի պետական համալսարանի Իրավունքի ամբիոնի վարիչ և դասախոս Տաթևիկ Գևորգյանի հետ, ով հիմա որոշակի դասաժամեր ունի Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում:

-Տիկի´ն Գևորգյան, ձեր տպավորությամբ` Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարողանո՞ւմ են սահուն կերպով հարմարվել հայաստանյան կրթական միջավայրին: Ինչպե՞ս նրանց ընդունեցին, ի՞նչ դժվարություններ կան:

-Գիտե՞ք` կարճ ժամանակ է անցել, և չեմ կարծում, թե հնարավոր էր ամբողջովին ձուլվել այստեղի միջավայրին: ԱրՊՀ ուսանողների մեծ մասը տեղավորվել են Երևանի պետական համալսարանում, գիտեմ, որ կոնկրետ Իրավագիտության ֆակուլտետում շատ լավ են նրանց ընդունել: Ընդհանուր ամեն բան արվում է, որ ուսանողները շուտ մերվեն: Հիմնական դժվարությունը կրթական ծրագրերի տարբերությունների մեջ է: Բնական է, որ մեր և այստեղի ծրագրերը տարբերվում են: Օրինակ` ավարտական կուրսերը 6-7 տարբերություն են հանձնում` որպես քննություն, ընդ որում` միջանկյալներին զուգընթաց: Այս առումով ծանրաբեռնվածությունը մեծ է: Սա է դժվար: Բայց, օրինակ, առաջին, երկրորդ կուրսերի համար չեմ կարծում, որ դժվարություններ լինեն. այդ տարբերությունները իրենց վրա չեն տարածվում: Ամեն դեպքում, մենք ամենօրյա կապը պահում ենք մեր ուսանողների հետ:

-Իսկ բացի ձեր նշած տարբերությունները, որոնք հանձնում են ուսանողները, առհասարակ, Հայաստանի և Արցախի կրթական ծրագրերի միջև կա՞ն զգալի տարբերություններ:

-Քանի որ մենք միշտ համագործակցել ենք ԵՊՀ-ի հետ, այդ տարբերությունները այդքան զգալի չեն: Եթե մեր ծրագրերը համեմատում ենք մյուս բուհերի հետ, տարբերություններն ավելի ակնհայտ են: Օրինակ`Հայ-ռուսական համալսարան ընդունվելու դեպքում քննությունների միջոցով հանձնելիք տարբերությունների թիվը հասնում է 12-ի, իսկ ԵՊՀ-ի դեպքում 6-7 տարբերություն կար:

Տաթևիկ Գևորգյան

-Հոգեբանական առումով ձեզ համար ադապտացման փուլն ինչպե՞ս է անցնում:

-Կորստի ցավն, իհարկե, երկար է մեզ տանջելու, մեր ուսանողները հաշտ չեն այն մտքի հետ, որ ԱրՊՀ-ն չի պահպանվելու որպես կառույց, ցանկանում են, որ իրենց համալսարանը մնա, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այսօր ունենք այն, ինչ ունենք:

-Հայտնի է, որ ԿԳՄՍ նախարարությունը արցախցի ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ ուսման վարձերը վճարելու համար, սակայն կրթական մի շարք ծրագրերի պարագայում նրանք ստիպված են հավելավճարներ անել, որոշ դեպքերում հավելավճարը կազմում է 100-300 հազար դրամ: Ինչպե՞ս են նրանք կարողանում հոգալ այդ ծախսերը:

-Աջակցության, հիմնադրամների, բարերարների ներգրավվածության կարիք կա: Հազար ու մի ընտանիքներ կան, որոնք կանգնած են այս խնդրի առջև, և որոնք Արցախում իրենց սոցիալական կարգավիճակով բավական տարբեր էին, իսկ այստեղ հայտնվել են նույն հարթության վրա: Այնպես որ, արդեն նշանակություն չունի` խոսքը 100 հազար, թե 300 հազար դրամ հավելավճարի մասին է. գոնե այս տարվա կտրվածքով աջակցությունը պարտադիր է:

-Գիտեմ, որ Ձեզ Իրավագիտության ֆակուլտետում որոշակի ժամեր են հատկացրել: Իսկ, ընդհանրապես, արցախցի հարյուրավոր դասախոսները հիմա ի՞նչ կարգավիճակում են:

-Մեր ամբիոնից 2-3 հոգու չհաշված` արցախցի դասախոսների շրջանում համատարած գործազրկություն է տիրում: Հազարավոր մտավորականներ, դասախոսներ մնացել են առանց աշխատանքի: Կոնկրետ ԱրՊՀ-ում մտավորականության հենասյունն էր ամփոփված: Կարծում եմ, որ այդ պոտենցիալը գոնե պետք է բաշխել հայաստանյան բուհերի միջև: Մենք մեր հմտություններով ու գիտելիքներով հաստատ կկարողանանք օգտակար լինել Հայաստանին: Ինչ վերաբերում է դասաժամերին, տարին արդեն սկսված էր, երբ մենք եկանք, թափուր ժամեր չկան, բայց, օրինակ, ԵՊՀ-ում Իրավագիտության ֆակուլտետի դեկանը թույլատրել է, որ մեր ուսանողների գիտական աշխատանքները մենք ղեկավարենք: Խոսքը վերաբերում է այն դասախոսներին, որոնք ունեն դոցենտի աստիճան:

Տաթևիկ Գևորգյան

-ԱրՊՀ-ն պահպանելու հետ կապված քննարկումներ եղե՞լ են ԿԳՄՍ նախարարի, ԱրՊՀ ռեկտորի հետ:

-Պաշտոնական հանդիպումներ չեն եղել, բայց տարբեր հարթակներում քննարկումներ եղել են: Գիտեմ, որ ռեկտորը մի քանի անգամ հանդիպել է մեր ԿԳՄՍ նախարարի հետ: Բայց, ցավոք, մինչև հիմա ցանկալի արդյունք չկա: Որքան ժամանակը գնում է, հնարավորությունները դառնում են ավելի սուղ: Բայց մի կարևոր հանգամանք կա` բուհի աշխատակիցներին ազատել են` հիմք ընդունելով Արցախի նախագահի` Արցախը լուծարելու մասին հրամանագիրը: Որպես իրավաբան ասեմ, որ նախագահի հրամանագիրը չի կարող իրավական ուժ ունենալ, դրա սահմանադրականության հարցը պետք է քննարկել`համապատասխան իրավական մեթոդներ կիրառելով: Եթե հրամանագիրը իրավական ուժ չունի, դրանից բխող աշխատանքի ազատման հրամանը ևս չի կարող իրավական ուժ ունենալ: Կարծում եմ` վաղ թե ուշ այս հարցը բարձրացվելու է: Հիմա դեռ ադապտացիոն շրջանը անցնենք, մնացածը ցույց կտա ժամանակը:

Հավելենք, որ Usanogh.am-ի հետ զրույցում բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանն ավելի վաղ նշել էր, որ Արցախի պետական համալսարանը  ունի 360 հիմնական և 150 ժամավճարային աշխատող, ընդհանուր` 510 հոգի.

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ