ԳլխավորԼուրՀայաստանս

«Դպրոցից տուն էի գնում, ուժեղ կրակոցի ձայն լսվեց». 15-ամյա Սյուզաննան Ադրբեջանի հարձակման ու Հայաստան հասնելու մասին

Վերին Հոռաթաղի Ք. Քոքսի անվան միջնակարգ դպրոց. Արցախ, Մարտակերտի շրջան

Դպրոցից տուն տանող ամենօրյա ճանապարհը սեպտեմբերի 19-ին Սյուզաննայի համար շրջադարձային եղավ։

«Դպրոցից տուն էի գնում, գյուղամիջում էի։ Ուժեղ կրակոցի ձայն լսվեց մի անգամ, հետո էլի մի քանի անգամ, գնացինք, մտանք բուժկետ: Հետո տեսա, որ ուժեղանում են ձայները, ինձ հետ էին նաև եղբայրս և հորաքրոջս երկու աղջիկները, արագ վազելով տուն գնացինք»,- Usanogh.am-ի հետ զրույցում պատմում է Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից 15-ամյա Սյուզաննա Թադևոսյանը՝ հիշելով Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի հարձակումը։

Թեև կրակոցների ձայները պարզ լսելի էին, դիմացի գյուղը (Հաթերքը) ռմբակոծում էին, ասում է՝ երբեք չէր մտածի, որ գյուղը ադրբեջանցիները կգրավեն, ու գյուղից մազապուրծ պիտի փախչեին։

«Մենք տան բակում սպասում էինք, որ կրակոցները դադարեն, մտնենք տուն։ Շատ էինք վախեցել․ պապաս դիրքերում էր, նորություն չունեինք մինչև երեկո, երեկոյան իմացանք, որ վիրավոր ա։ Ժամը 19:00-ն էր։ Մնացինք գյուղում մինչև գիշերվա ժամը 01:00-ն։ Արդեն ինքնաձիգների ձայները լսվում էին շատ մոտ գյուղին։ Դուրս եկանք, մեր թաղում ինչքան կին, երեխա կա, բոլորին հավաքեցինք մեր ավտոյի մեջ (մոտ 25 հոգի էինք) ու արագ դուրս եկանք։ Ստեփանակերտն էնպես էին ռմբակոծում, բառիս բուն իմաստով կրակ էր թափվում երկնքից քաղաքի վրա։ Պապիկս իր ավտոյով մեզ տարավ, իսկ մեր մյուս երկու մեքենաները մնացին գյուղում»։

Արցախ, Մարտակերտ, Վերին Հոռաթաղ
Արցախ, Մարտակերտ, Վերին Հոռաթաղ

Խուճապահար փախուստի ժամանակ գյուղից ոչինչ չեն հասցրել վերցնել` բացի փաստաթղթերից։

«Մեր հագի շորերով ենք դուրս եկել։ Ահավոր խցանում էր ճանապարհին, բոլոր ավտոները կանգնած էին, բոլորը ասում էին, որ ադրբեջանցիները պայթեցրել են միակ կամուրջը, որը Մարտակերտի շրջանը կապում է մնացած շրջանների հետ, ոչ ոք չէր համարձակվում առաջ գնալ, իսկ անտառների ու շրջակա դիրքերի վրա հրետակոծում էին։ Պապիկս տեսավ, որ ոչ ոք չի շարժվում, ինքը ավտոն քշեց մինչև կամուրջը ու տեսավ, որ բաց է։ Մենք մի կերպ կապ հաստատեցինք կանգնած մեքենաների հետ, կապ չկար, չէր ստացվում զանգել։ 2 ժամվա ճանապարհը մի ամբողջ գիշերում անցանք»։

Ստեփանակերտում կերակուր են պատրաստում
Ստեփանակերտ, Արցախ, 20 սեպտեմբերի, 2023

Սյուզաննայի հայրը հենց առաջին օրն է վիրավորում ստացել։ Ականջի թմբկաթաղանթն է վնասվել, գլխի բեկորային վնասվածք ստացել։

«Ստեփանակերտում հիվանդանոցում տեղ չկար, 2 օր պահեցին, ավելի ծանր վիրավորներ բերեցին, իրեն դուրս գրեցին։ Հիմա տանն է»:

Հարցնում եմ՝ այս օրերին արված լուսանկարներ չունե՞ս, պատասխանում է․

«Էնքան էի վախեցել, որ նկարվելու մասին չէի մտածում։ Չեք պատկերացնի՝ ինչ վիճակ էր։ Մինչև հիմա, որ հիշում եմ, փշաքաղվում եմ։ Այս նկարներն էլ ում տանը որ մի քանի օր մնացել ենք Ստեփանակերտում, ինքն է նկարել։ Փոքր տան մեջ 20 հոգով էինք»:

Սյուզաննայի արխիվային լուսանկարներից

Դժվարությամբ, բայց հասել են Ստեփանակերտ, օթևան ստացել հարազատներից մեկի տանը։ Սակայն այստեղ ևս իրենց անվտանգ չեն զգացել։

«5 օր մնացինք Ստեփանակերտում։ Պապիկիս քրոջ տանն էինք մնում, գնում հացի հերթ էինք կանգնում։ Ո՞նց կարող էի ինձ ապահով զգալ, եթե քաղաքի մոտ գտնվող դիրքերի ուղղությամբ անընդհատ խփում էին, ու չգիտեինք՝ ողջ կմնանք, թե չէ։ Մարդիկ խուճապի մեջ էին, անընդհատ գնում էին օդանավակայան, իջնում էին նկուղները։ Արդեն հասկանում էինք, որ ստիպված ենք լինելու թողնել մեր հայրենիքը, որովհետև քաղաքի ծայրամասերից գրավել էին։ Ինքնաձիգների ձայները լսվում էին, այդքան մոտ էին։ Չեք պատկերացնում, թե ինչքան էի վախեցել, ինձ համար չէի վախեցել՝ պապայիս ու մնացած զինվորների համար, ովքեր դիրքերում էին»,- պատմում է Սյուզաննան։

Ընտանիքում 7 հոգի են՝ ինքը, քույրը՝ 14 տարեկան, եղբայրը՝ 10 տարեկան, հայրը, մայրը, պապիկը, տատիկն ու հորաքույրը։ Հորաքույրն արդեն Երևանում էր, երբ սկսվեց հարձակումը։

«Ստեփանակերտի դպրոցներում ուտելիքներ էին բաժանում։ Այնտեղից էինք վերցնում։ Երբ լսեցի հրադադարի մասին, ուրախացա, մտածում էի՝ նորից մեր գյուղ կգնանք, բայց երբ իմացա, որ էլ չենք գնալու, ահավոր ծանր էի տանում, շատ վատ էի։ Չէի ուզում լքել հայրենիքս։ Այնքան եմ տխրել, գժվում եմ»։

Ստեփանակերտ, Արցախ
Ստեփանակերտ, Արցախ

Սյուզաննայի պապը «սև օրվա» համար պահած վառելիք է ունեցել, որն էլ, փաստորեն, օգնել է նրանց հասնել Հայաստան։

«Ford մակնիշի մեքենայով էինք, դիզելային վառելիքը շատ թանկ գնով պապիկս գնեց, որ կարողանար մեզ հանել։ Մինչ այդ էլ քիչ-քիչ հավաքել էր, որ հիվանդանոց կամ այլ շտապ տեղ գնալու լիներ, կարողանար գնալ։ Էն էլ դրա միջոցով կարողացանք հասնել մինչև Հայաստան։ Ադրբեջանական անցակետում պապային են իջեցրել, տարել մինչև անցակետի վերջը, մեզնից քանակ են հարցրել, ու անցել ենք։ Մեկ էլ ավտոյի մեջ են նայել, տեսնեն՝ ինչ ենք տանում»։

Չնայած այս ամենին, Հայաստանին հասնելիս թեթևություն է զգացել․

«Հայկական կողմը մեզ լավ դիմավորեց` քաղցրավենիքով, էնքան հաճելի էր։ Առաջին անհրաժեշտության իրեր տվեցին, կացարան առաջարկեցին, բայց մենք արդեն պայմանավորվել էինք՝ ուր էինք մնալու: Մի քանի բան տվել են, հեռախոսահամար են վերցրել: Մենք հիմա ժամանակավոր պապիկիս տանն ենք, բայց տուն ենք փնտրում՝ Երևանին մոտ, որ կարողանամ քոլեջ գնալ, տեսնեմ՝ կստացվի՞»

Այժմ ընտանիքով Երևանում են։ Մեծ դժվարությամբ է թողել հայրենիքը, բայց, ասում է՝ ստիպված էին։

«Ես վախենում եմ, նրանց հետ (ադրբեջանցիների-խմբ) չէինք կարող ապրել, նրանցից ամեն ինչ սպասելի է։ Ես ինքս չեմ կարող ապրել մարդկանց հետ, ովքեր սպանել են իմ հայրենակիցներին, օկուպացրել են իմ հայրենիքի մի մասը ու հիմա էլ բռնի հայաթափում են այն»,- ասում է Սյուզաննան։

Usanogh.am-ը Սյուզաննայի բժիշկ դառնալու երազանքին անդրադարձել էր դեռ ամիսներ առաջ։ Նա ամիսներ շարունակ պարապում էր՝ ընդունվելու Հայաստանում բժշկական քոլեջ, սակայն շրջափակման պատճառով այդպես էլ չկարողացավ հասնել Երևան ու ուսումը շարունակում էր գյուղի ավագ դպրոցում։ Այժմ ուզում է քոլեջ դիմել՝ հույսով, որ թույլ կտան հանձնել քննություններն ու հենց այս տարվանից շարունակել իր ուսումն իր սիրելի մասնագիտությամբ։

Նրա մասին տեսանյութը՝ այստեղ։

Սյուզաննա Թադևոսյանի արխիվային լուսանկարներից
Սյուզաննա Թադևոսյանի արխիվային լուսանկարներից

Սյուզաննան նաև բանաստեղծություններ է գրում։ Նա իր ստեղծագործություններից մեկը տրամադրել է Usanogh.am-ին։ 15-ամյա աղջիկը սա գրել է, երբ Արցախը դեռ շրջափակման մեջ պայքարում էր անկախ ու հայկական մնալու համար։

Դժվարին օրեր` ծանր ու տխուր

Ամենուրեք միայն հացի հերթեր են,
Դատարկ դարակներ, տխուր դեմքեր են,
Շրջափակված ենք արդեն ութ ամիս,
Զրկված տարրական լոկ պայմաններից:
Իսկ մեզ կարծես թե ոչ ոք չի տեսնում,
Չի տեսնում ոնց են մեզ այստեղ տանջում,
Սովամահ անում, գողանում, տանում…
Բայց էլի լուռ է, լուռ է աշխարհը,
Իսկ մեր թշնամին, ով ցանկանում է, որ մենք հանձնվենք,
Իր հացը ուտենք, իր հետ մենք ապրենք
Ու ինտեգրվենք իր իսկ կազմի մեջ,
Գիտի թե կանե՞նք.
Ասե’ք,ո ՞նց անենք, ախր մենք դրա
Իրավունքը չունենք:

Ո՞նց անենք, եթե այստեղ են կռվել ու նահատակվել
Մեր սուրբ քաջերը,
Մեր նախնիները կյանքով են պահել
Այս մի բուռ հողը:
Եվ մենք դարերի խորքից ենք ծնվել,
Շատ-շատ դժվարին օրեր ունեցել,
Եղել օտարի ահեղ լծի տակ,
Թշնամիներ ենք ունեցել բազմազգ,
Բայց հիմա մենք կա’նք, առաջ ենք շարժվում,
Իսկ նրանք մնացին դարերի խորքում:

Այս փորձությունն էլ պատվով մենք կանցնենք,
Որ մեր պապերին հուսախաբ չանենք.
Եվ մենք ենք տերը մեր հայրենիքի,
Մե’րն է Արցախը, մերն էլ կլինի…

ԱՆԺԵԼԱ ՊՈՂՈՍՅԱՆ