ԳլխավորԼուր

Հանրահավաքներին որևէ կառուցողական բան չլսեցի, ամեն մեկն իր «երգն է երգում». Սերգեյ Թովմասյան

Դերասան Սերգեյ Թովմասյան

Դերասան Սերգեյ Թովմասյանը մի քանի օր է` մասնակցում է Երևանում անցկացվող հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին, սակայն իր համար որևէ մեկի խոսքը հավատ ներշնչող չի եղել:

Usanogh.am-ի հետ զրույցում Համազգային թատրոնի դերասանը նշեց` կարծես ամեն մեկն իր «երգն է երգում».

«Ոչ մի հավաքին կառուցողական ոչինչ չեմ տեսել: Հրապարակում ամբիոնից մարդիկ տարբեր բաներ են ասում…Կցանկանայի մեկ հարթակ լիներ, և ազգովի մտածեինք երկիրը փրկելու մասին, այլապես շատ ենք պառակտվել»:

Դերասանը շեշտեց` շատ բան չի հասկանում քաղաքականությունից, բայց գիտի, որ եթե 30 տարվա ընթացքում կարողանայինք նորմալ բանակ ստեղծել, այս օրվան չէինք հասնի.

«Տղաս տարիներ առաջ բանակում է ծառայել, ես գիտեմ` ինչպիսին է եղել իրավիճակը: Կցանկանայի մի այնպիսի ղեկավար գար, որը բոլորին պատասխանատվության կենթարկեր: Կողմնակից եմ, որ պետության գրպանից մեկ լումա տանողին էլ պատժեն»:

Սերգեյ Թովմասյանի համար առանձնակի ոգևորիչ է հայաստանցիների սրտաբաց վերաբերմունքը արցախցիների նկատմամբ. «Նարինեի (Սերգեյ Թովմասյանի կինը դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանն է-հեղ.) արցախցի բարեկամներն էլ` քեռին, հորաքույրը, հորեղբայրը` իրենց երեխաներով և թոռներով, որոնցից մեկը 3 ամսական է, ճանապարհին են, Կոռնիձորում են»,-ասաց նա:

Դերասանը համախմբվելու կոչ արեց և նկատեց, որ Հայաստանի նման փոքր երկրի համար չափազանց շատ են մեր կուսակցությունները:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ