ԳլխավորԼուր

Մարտակերտում տեղի է ունեցել Արցախի առաջին «Թումո տուփի» բացումը

Փետրվարի 10-ին «Թումո»-ի ղեկավարության և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Մարտակերտում տեղի է ունեցել Արցախի առաջին «Թումո տուփի» բացումը, տեղեկացնում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից:

Բացման միջոցառմանը մասնակցել են նաև «Թումո Ստեփանակերտ»-ի շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվել են իրենց փորձառությամբ ու միասին իրականացրել մինի-նախագծեր:

Ողջունելով ներկաներին` «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող «Թումո» տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է. մեր «Թումո Հայաստան» ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին և Ստեփանակերտի «Թումոն» վերածելով կրթական հանգույցի, որը լեցուն կլինի դասընթացներով, աշխատարաններով և նախագծերով:

«Թումո» կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից և այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, 300-ից ավելի դասընթաց, 100-ից ավելի աշխատարան և նախագիծ: Մարտակերտի, իսկ հետագայում նաև Ասկերանի և Մարտունու տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են «Թումո Ստեփանակերտ» հատուկ տրանսպորտով»- նշված է հաղորդագրության մեջ:

«Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 «Թումո» կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 «Թումո» տուփեր: Այս ցանցի միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին ողջ երկրով մեկ:

«Թումո» տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի «Թումո» է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա «Թումո» կենտրոններ: Յուրաքանչյուր «Թումո տուփ» հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։