ԳլխավորԼուր

Բարի ընթացք և նոր ձեռքբերումներ նոր ուսումնականում. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյան

Կրթության ոլորտի սիրելի ներկայացուցիչներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի այն առանձնահատուկ է նաև նրանով, որ երկարատև հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը: Անցած մի քանի ամիսներին առիթ ունեցանք համոզվելու, որ սերունդների կրթության և դաստիարակության գործում անչափ կարևոր է կենդանի շփումը: Նաև դրանով պայմանավորված՝ կայացվեց դպրոցներում և բուհերում դասապրոցեսը վերսկսելու համարձակ որոշումը: Դա մեզ հաջողվել է ծանր ու դժվարին աշխատանքի արդյունքում, սակայն պետք է նշեմ, որ ռիսկի աստիճանը շարունակում է բարձր մնալ, և խնդրանքս է հետևողականորեն պահպանել սահմանված բոլոր կանոնները:

Ուսումնական տարին նշանավորվում է նաև մեկ այլ կարևոր ձեռքբերմամբ: Կյանքի ենք կոչում իմ ղեկավարած քաղաքական դաշինքի առաջ քաշած նախընտրական ծրագրի՝ բուհական կրթությունն անվճար դարձնելու հիմնադրույթը: Սրանով մենք հետապնդում ենք ոչ միայն սոցիալական խնդիր լուծելու նպատակ, այլև տալիս ենք մեկնարկը որակյալ կրթություն ապահովելու և ապագա լավագույն մասնագետներին վերհանելու պետական նոր քաղաքականության:

Զարգացող Արցախի հիմնասյունը վաղվա մրցունակ և գիտելիքահեն սերունդն է, որն այսօր ձևավորման ճանապարհին է՝ դպրոցում և բուհում: Ուրեմն՝ կոչս որպես հորդոր ընդունեք. բարեկեցիկ ապագա կերտելու մեր համընդհանուր ջանքերը պետք է յուրաքանչյուրիս անհատական ներդրումի հավաքականությունը դառնան:

Բարի՜ ընթացք և նոր ձեռքբերումներ նոր ուսումնականում»,- նշված է գրառման մեջ:

Comment here