ԳլխավորԼուր

Վերականգնվել է Արցախից բուժառուների տեղափոխումը ՀՀ հիվանդանոցներ

Կարմիր խաչի ատոմեքենաներ

Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Այսօր՝ հունիսի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։ Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպես նաև Արցախ տեղափոխել հրատապ անհրաժեշտության դեղորայք և բժշկական պարագաներ։

Այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար անջատում է նաև Արցախի գազամատակարարումը։

Արցախում էլեկտամատակարարման հովհարային անջատումներ են, որոշ սննդամթերքներ վաճառվում են կտրոններով։

2023 թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

Այս որոշումը կատարելու փոխարեն Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:

Հունիսի 23–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հունիսի 24-ին արգելապատնեշները հեռացվեցին ճանապարհից։