ԳլխավորԼուր

«Ապստամբություն»-ը ավարտվեց. Պրիգոժինի դեմ քրգործը կդադարեցվի, նա կմեկնի Բելառուս

Եվգենի Պրիգոժին, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կդադարեցվի, նա կմեկնի Բելառուս, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները, որոնք մասնակցել են հունիսի 24-ի  իրադարձություններին, չեն հետապնդվի: Ընդ որում, «Վագներից» ցանկացողները կարող են պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ։

Պուտինի մամուլի քարտուղարն ավելացրել է, որ կար գերագույն նպատակ՝ խուսափել արյունահեղությունից և ներքին առճակատումից, Լուկաշենկոյի ջանքերն ուղղված էին այդ նպատակներին։

Նա նաև ընդգծել է, որ երեկվա իրավիճակը ոչ մի դեպքում չի ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, գործողությունը կշարունակվի:

Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը հայտնի դարձավ, որ «Վագներ» ՄՌԿ–ի ուժերը գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը Դոնի Ռոստովում այն բանից հետո, երբ այդ կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարեց, թե ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–հրետանային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեցին ՌԴ իշխանությունները։

Նա հայտարարեց, որ «արդարության երթ» է սկսում դեպի Մոսկվա՝ կոչ անելով միանալ իրեն ու «արմատախիլ անել կոռուպցիան ու անարդարությունը»։

Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի մեջքին և դավաճանություն։

Մոսկվայի, Մոսկվայի և Վորոնեժի մարզերի տարածքներում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր սահմանվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է սկսել Պրիգոժինի հետ, որին հաջորդեց տեղեկությունը, որ  «Վագներ» ՄՌԿ-ի ուժերի մարտիկները ամբողջ կազմով լքել են Դոնի Ռոստովի Հարավային ռազմական շրջանի շտաբի հարակից տարածքը։