ԳլխավորԼուր

Դոնի Ռոստովում իսկապես բարդ իրավիճակ է ստեղծվել. Պուտինը անդրադարձել է «Վագներ»-ի ապստամբությանը

Վլադիմիր Պուտին

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից Ռուսաստանում ռազմական ապստամբության փորձը հարված է թիկունքից։ Այս մասին ՌԴ ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այն գործողությունները, որոնք աղճատում են մեր միասնությունը, դա փաստացի հետ կանգնել է սեփական ժողովրդից, զինակից ընկերներից, որոնք այս պահին պայքարում են մարտի դաշտում։ Սա թիկունքից հարված է մեր երկրին ու ժողովրդին։ Հենց այսպիսի հարված հասցվել էր Ռուսաստանին 1917 թվականին, երբ երկիրն առաջին հայրենական պատերազմն էր վարում։ Այդ ժամանակ էլ ռուսները սպանում էին ռուսներին, եղբայրները` եղբայրներին։ Նրանք, ովքեր կազմակերպել և նախապատրաստել են ռազմական ապստամբությունը, դավաճանել են Ռուսաստանին և պատասխան են տալու դրա համար»,– ասաց Պուտինը։

Նա ընդգծեց, որ ՌԴ–ն ծանր պայքար է մղում իր ապագայի համար, Արևմուտքի ողջ ռազմական և տեղեկատվական մեքենան ուղղված է Ռուսաստանի դեմ։ Հատուկ գործողության ընթացքում պետք է վերացնել ցանկացած ներքին կռիվ, քանի որ այժմ որոշվում է ժողովրդի ճակատագիրը։

Պուտինը նշեց, որ բոլոր այն անձինք, որոնք գիտակցաբար բռնել են դավաճանության ճանապարհը` զինված ապստամբություն են պատրաստել, բռնել են շանտաժի և ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելիորեն պատիժ են կրելու` պատասխան տալով օրենքի և ժողովրդի առաջ։

Նա նշեց նաև, որ Դոնի Ռոստովում իսկապես բարդ իրավիճակ է ստեղծվել՝ փաստացի արգելափակված է քաղաքացիական ու ռազմական կառավարման օրգանների աշխատանքը (տարբեր տեղեկություններով՝ վագներականները գրավել ենք քաղաքը-խմբ.)։

Տեղեկացնեք՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, չեղյալ են հայտարարվել նախկինում հայտարարված բոլոր զանգվածային միջոցառումները։  Այդ պատճառով Մոսկվայում ու Մերձմոսկվայում դպրոցականների ավարտական երեկոները տեղափոխվել են հաջորդ շաբաթ օրը ՝ հուլիսի 1-ին, «ՌԻԱ Նովոստի» — ին հայտնել են մայրաքաղաքի կրթության վարչության մամուլի ծառայությունից:

«Հակաահաբեկչական գործողության սահմանված ռեժիմի պատճառով դպրոցներում ավարտական երեկոների անցկացումը եւ Գորկու այգում համաքաղաքային ավարտական երեկոյի անցկացումը հետաձգվում է մեկ շաբաթով»,- ասել են ծառայությունից:

Չեղյալ է հայտարարվել եւ ավարտական պարահանդեսը Կրեմլում:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը զինված ապստամբության փորձ է արել։ Կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ–ն հրթիռա–հրետանային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։ «Վագներ» խմբի ճամբարին իբր հասցված հարվածի հետևանքների մասին տեսանյութը ռուսական Առաջին ալիքը բեմադրած է որակել։

ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը։ Ձայնային հաղորդագրությունը տարածել է Պրիգոժինի լրատվական ծառայությունը։

«Հայրենիքի դավաճանության վերաբերյալ նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին—խմբ․) չարաչար սխալվել է։ Մենք մեր հայրենիքի հայրենասերներն ենք։ «Վագներ»-ի բոլոր մարտիկները կռվել են և կռվելու են: Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, ԱԴԾ-ի կամ մեկ ուրիշի պահանջով մեղայականով գալ։ Մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- հայտարարել է Պրիգոժինը։