ԳլխավորԼուր

Բանակցություններն ավարտվեցին. ինչ են պայմանավորվել Ռուսաստանն ու Ուկրաինան

Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ժամանակներս հումանիտար միջանցքների կազմակերպման համար կապի և փոխգործակցության ուղիներ կստեղծեն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակի տեղեկացմամբ՝ կողմերը նման պայմանավորվածություն են ձեռքբերել այսօր ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում։

«Հենց նոր ավարտվեց ռուսական և ուկրաինական կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Ցավոք, մենք չունեցանք այնպիսի արդյունքներ, ինչպիսին ակնկալում էինք։ Բավականին մանրամասնորեն քննարկվել է մարդասիրական կողմը, քանի որ այսօր Ուկրաինայի բավականին շատ քաղաքներ շրջափակման մեջ են, դրանցում ստեղծվել է դրամատիկ իրավիճակ՝ կապված սննդի, դեղերի և տարհանման հնարավորությունների հետ»,- նշեց Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքներն արդեն բանակցությունների երրորդ փուլում՝ սեղմ ժամկետներում։

Պոդոլյակը նաև ընթերցեց ռուս-ուկրաինական հանդիպման արդյունքում ընդունած հայտարարությունն ամբողջությամբ։

«Կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիական խաղաղ բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման, ինչպես նաև առավել թեժ մարտերի վայրերում դեղորայքի և սննդամթերքի ապահովման հարցերի վերաբերալ՝ ժամանակավոր հրադադարի հնարավորությամբ այն ժամանակահատվածում, երբ տարհանում է իրականացվելու»,- նշված է տեքստում։

Պոդոլյակը պարզաբանեց՝ խոսքը կրակի ժամանակավոր դադարեցման հնարավորության մասին է և ոչ թե ամենուր, այլ միայն այն վայրերում, որտեղ տվյալ ժամանակահատվածում գործելու են մարդասիրական միջանցքները։

«Այդ նպատակով մոտ առաջիկայում կկազմակերպվեն հատուկ կապի և փոխգործակցության ուղիներ, և կձևավորվեն լոգիստիկ ընթացակարգեր»,- եզրափակեց հայտարարության ընթերցումը։

Տեղեկացնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլն անցկացվել է Բելառուսի Բրեստի մարզում։ Առաջինը կրկին Բելառուսում էր՝ Գոմելի մարզում։