Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են մոտ 2 ժամ առաջ:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բանակցություններից հետո, պատվիրակությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ նոր փուլից առաջ խորհրդակցելու համար։
«Ռուսաստանյան ու ուկրաինական պատվիրակություններն այսօր ճշգրտել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց առնչությամբ որոշակի լուծումներ են կանխանշել»,-հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։
Նրա խոսքով, այսօրվա բանակցությունների հիմնական նպատակը եղել է Ուկրաինայում կրակի դադարեցման վերաբերյալ քննարկումը։
Պոդոլյակը հավելել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան քննարկել են նաև առաջիկայում բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը։
Իր հերթին ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը քննարկել են օրակարգի բոլոր կետերը։
«Քիչ առաջ ավարտվեցին բանակցություններն ուկրանական կողմի հետ, որոնք տևեցին մոտավորապես 5 ժամ։ Այդ ընթացքում մենք մանրամասն անցանք օրակարգի բոլոր կետերով, գտանք մի քանի կետեր, որոնց վերաբերյալ հնարավոր է ընդհանուր դիրքորոշումներ կանխանշել։ Եվ ամենակարևորը՝ պայմանավորվեցինք շարունակել բանակցային գործընթացը»,-ասել է ռուս քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, հաջորդ հանդիպումը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին (2 օրից — խմբ.):