ԳլխավորԼուր

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ

Մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Խստորեն դատապարտելով անմարդկային ոճրագործությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հովվապետին և Ռուսաստանի ողջ ժողովրդին։

Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Ամենողորմ Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները, Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր տուժածներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ մահացել է 115 մարդ։ Հոսպիտալացվել է 107 մարդ:

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով։

Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։