ԳլխավորԼուր

Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է իր մուտքը ՀՀ արգելելուն

Կոնստանտին Զատուլին

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»,–ասված է նամակում։

Նշվել է, որ այդ պատճառով հետագայում նրա այցը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է համարվում։

«Ես դա գնահատում եմ որպես վիրավորական քայլ։ Անսպասելի էր ինձ համար, նամակ ստացանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետից։ Ասացին, որ իմ այցն անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,–ասել է Զատուլինը։

Նշենք, որ Կոստանտին Զատուլինը, որը համարվում է հայամետ գործիչ, բազմիցս քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մոտ օրերս նա պետք է գար ՀՀ` իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին նախատեսված նիստին մասնակցելու։