Ռուսական բանակը Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ է շարքից դուրս բերել, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Այդ թվում 14 ռազմական օդանավակայան, ԶՈւ կառավարման և կապի հանգույցների 19 կետ, Ս-300 և «Օսա» ՀՕՊ զենիթահրթիռային 24 համալիր, 48 ռադիոլոկացիոն կայան։ Խոցվել է 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, ոչնչացվել է 87 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի 28 ռեակտիվ համակարգ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 118 միավոր»- ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի ուժերով ոչնչացվել է ուկրաինական 5 փոքր նավ։ ՌԴ ԶՈւ-ն այս գիշեր նաև թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ծովային ու ցամաքային ռազմական օբյեկտներին։
Կոնաշենկովն ընդգծել է, որ թիրախավորում են միայն ռազմական օբյեկտները՝ բացառելով բնակելի ու հասարակական ենթակառուցվածքներին վնաս հասցնելը։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ այս գիշեր ռուսական ԶՈւ-ի լիակատար վերահսկողության տակ է անցել Մելիտոպոլ քաղաքը՝ հավելելով, որ ուկրաինական ծայրահեղ ազգայնական ուժերը նախքան որևէ բնակավայրից նահանջելը պայթեցնում են էլեկտրակայաններն ու կամուրջները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն երրորդ օրը։