ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները հայերեն պահանջում են լքել Խրամորթը. Sputnik Արմենիա

Խրամորթ

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն 2 օր է, ինչ ադրբեջանցիները պահանջում են լքել գյուղը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից.

«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է լքեն այն։ Նրանք գրական հայերենով են հայտարարություն անում»։

Գյուղի բնակիչներից որևէ մեկը չի պատրաստվում լքել գյուղը, նրանք սադրանքների չեն տրվում և գիտեն, որ ադրբեջանցիների նպատակը խրամորթցիներին ահաբեկելն է։

Նշենք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ադրբեջանցիների ձայնը։

«Անհապաղ հեռացեք տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամբ ուժ կկիրառվի։ Կորուստների համար պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա։ Մի՛ վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքե՛ք տարածքը, դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ ցանկացած գործունություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»,–ասվում է ձայնագրության մեջ։

Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից հայտնել են, որ շրջանի վարչական ղեկավարը` Համլետ Ապրեսյանը, Խրամորթ է գնացել։ Ռուս խաղաղապահները նույնպես տեղեկացված են դեպքի մասին։

Ի դեպ, Խրամորթում նաև 11 տեղահանված ընտանիք է ապրում։