Երևանում արցախցի կանայք և երեխաները ակցիա են իրականացրել կառավարական ամառանոցի (Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկ) դիմաց։
Նրանք դեմ են ապրիլի 1-ից բռնի տեղահանվածներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը կրճատելուն:
Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվելու է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 000 դրամ, իսկ հուլիսից` մինչև 30 հազար։
Հավելենք, որ մարտի 29-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: