ԳլխավորԼուր

Տնտեսագիտականից միացել են իրազեկման ակցիային. բուհերում դասադուլ եղե՞լ է

Ուսանողները ԵՊՀ-ի բակում՝ սեպտեմբերի 1-ին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի որոշ ուսանողներ, մեծ մասամբ` արցախցի, միացել են արցախցի ուսանողների իրազեկման ակցիային: Այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց բուհի ռեկտոր Դիանա Գալոյանը: Մի խումբ երիտասարդներ երևանյան բուհերով առավոտից իրազեկման ակցիա են անցկացնում` ուսանողներին կոչ անելով անտարբեր չմնալ և միանալ Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիային` հանուն Արցախի փրկության։ Նրանք մտնում են լսարաններ, զրուցում են դասախոսների, ուսանողների հետ, ներկայացնում իրավիճակն Արցախում:

«Իրազեկման ակցիայից հետո որոշ ուսանողներ միացան դրան, ակցիան ամբողջ ծավալով իրականացվեց համալսարանում, ով միացավ՝ միացավ, ուսանողների թիվ հայտնել չեմ կարող»,-ասաց Դիանա Գալոյանը:

Իրազեկման ակցիայի մասնակիցները եղել են նաև Երևանի պետական համալսարանում: ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը մեզ տեղեկացրեց, որ ժամը 11.00-ի սահմաններում երիտասարդները եկել են բուհ, անցել են բոլոր մասնաշենքերով. «Ակցիան իրականացել է, բայց դասապրոցեսը ընթանում է իր բնականոն հունով»,-ասաց նա:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանից ևս հետաքրքրվեցինք` բուհում ինչպիսի իրավիճակ է.

«Դասադուլ բուհում չկա, հաճախելիությունը գնահատում եմ նորմալ, իրազեկման ակցիա եղել է, բայց այսօրվա բացակաների թիվը դրա հետ չեմ կապում, միշտ էլ ունենում ենք բացականեր»: Իսկ ահա Հայկական պետական մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Դիանա Մարկոսյանը տեղեկացրեց, որ իրենց բուհում իրազեկման ակցիայի մասնակիցները չեն հասցրել լինել, իսկ դասապրոցեսը իրականացվում է բնականոն հունով:

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ` օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։

Ի դեպ, այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ֆեյսբուքյան էջի միջոցով ուսանողներին կոչ էր արել չբացակայել դասերից: Ավելի ուշ, սակայն, գրառումը հեռացվեց:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ