ԳլխավորԼուր

Արցախի իշխանություններն ընդունել են կրակը դադարեցնելու առաջարկությունը

Ռմբակոծված շենք Ստեփանակերտում

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

— դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
— լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
— դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով: