Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ մարտի 24-25-ին Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 24-ին և 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ անձնակազմի պատասխանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ «Bayraktar-TB 2 տեսակի ԱԹՍ-ներից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներին Փառուխ գյուղի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահին ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու և զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ «Ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշելու կոչ է արվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ մարտի 25-ին զորքերը հետ քաշելու կոչ են արել նաև ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ու Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձում են առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ, 15 վիրավոր։