ԳլխավորԼուր

Արցախում ժամանակավորապես սահմանափակվում են իրավունքներն ու ազատությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Համաձայն հրամանագրի՝ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝

1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը.

2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները.

3.կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:

Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառման ապահովման պատասխանատվությունը դրվում է ԱՀ ներքին գործերի նախարարության և ԱՀ ազգային անվտանգության ծառայության վրա:

Նշենք, որ ռազմական դրությունը Արցախում գործում է 1992 թվականից։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձում են առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։ Կորուստներ ունի նաև թշնամին։