ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Երբ վարագույրը փակվեց, մենք ուղղակի փախանք». Արսեն Գրիգորյանը` ուսանող

Արսեն Գրիգորյան

Usanogh.amը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը երգիչ, դերասան Արսեն Գրիգորյանն է: Նա 19982002 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Արմեն Մազմանյանի արվեստանոցում:

Արսենի խոսքով` Թատերականն այն ինստիտուտն է, որտեղ փորձերը կարող են ձգվել մինչև ուշ գիշեր, իրենց կուրսն էլ այդ առումով բացառություն չէր. «Մի քանի ժամով դուրս էինք գալիս բուհից ու վերադառնում: Այսօր դաշտում գործող շատ հայտնիներ մեր կուրսից են եղել` Նազենի Հովհաննիսյան, Նարինե Սուլթանյան, Կարեն Բաբաջանյան, Վիվյեն Բաստաջյան…Ի դեպ, մեր միջև կար տարիքային տարբերություն, ինչը ստիպում էր, որ փոքրերով մեզ ավելի հավաք պահեինք»,-ասում է դերասանը:

Արսեն Գրիգորյան
Արսեն Գրիգորյան

Նա նկատում է, որ երբ ինքն էր ուսանող, ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում էին. «Մեր թվերին Թատերականում ուրիշ էր». «Այդ «կարուսելը» պտտվում է, և, փաստորեն, որքան էլ խուսափում էի դրանից, հիմա էլ ես եմ ասում. «Մեր թվերին Թատերականում ուրիշ էր»: Բայց, իհարկե, կան Թատերականի համար բնութագրական բաներ, որոնք նույնն են բոլոր տարիներին»:

Արսենի խոսքով` Թատերականում ուսանողական տարիների և ոչ մի օր չի կրկնվել, միապաղաղ չի անցել: Նա հիշում է զվարճալի մի դրվագ, որ ամենաշատն է տպավորվել. «Մի օր առավոտվանից ներկայացում էինք փորձում, ու եկավ-հասավ գիշերվա 4.00-ն: Դե, որքան էլ սերն առ նորին մեծություն թատրոն առկա էր, միևնույն է` բավական հոգնել էինք: Երբ հերթական անգամ վարագույրը պետք է փակվեր, մեզ թվաց` փորձն ավարտվել է, բայց Մազմանյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց: Այդ ժամանակ բոլորս նայեցինք իրար, և հենց վարագույրը փակվեց, հետևի մուտքով բոլորով ուղղակի փախանք»,-ծիծաղելով հիշում է դերասանը:

Նա պատմում է, որ բավական ակտիվ ուսանող է եղել. թատրոնում խաղում էր մինչև Թատերական ընդունվելը, մասնակցում էր հյուրախաղերի, բացի այդ` ուսանողական տարիներին Արսենը հայտնվեց նաև հեռուստատեսությունում: Դերասանը բոլոր ուսանողներին մաղթում է բեղմնավոր տարիներ, ասում է` լավագույն տարիներից են ռեալիզացվելու համար:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ