ԳլխավորԺամանցԽճանկար

Մաֆիոզից մինչեւ սատանա. Ալ Պաչինոն 80 տարեկան է

Անգութ մաֆիոզ, անկաշառ ոստիկան, կույր գնդապետ, անհաջող կողոպտիչ, մինչեւ իսկ սատանա… Այսօր դերասան Ալ Պաչինոն նշում է 80-ամյակը։

1. Պատահականություններ չեն լինում, ասում էր ամերիկացի գանգստեր Ալ Կապոնեն։ Ալ Պաչինոյի կյանքում՝ հաստատ։ Դերասանի պապիկն ու տատիկը Ամերիկա են եկել սիցիլիական Կորլեոնե քաղաքից, եւ ավելի ուշ Մայքլ Կորլեոնեի դերը «Կնքահայրը» ֆիլմում թատերական անհայտ դերասանին հասցրեց համաշխարհային ճանաչման։

2. Փոքր Ալֆրեդոն մոր եւ նրա բազմաթիվ ազգականների հետ ապրում էր Բրոնքսում, որն այդ ժամանակ ծայրահեղ քրեականացված շրջան էր։ Հայրը հեռացել է ընտանիքից, երբ երեխան երկու տարեկան էր։ Փողը երբեք չէր բավականացնում, զվարճանքներից հասանելի էին միայն այցելությունները կինոթատրոն, այն էլ՝ ոչ հաճախ։ Հերթական կինոդիտումից հետո Սոնին (այդպես էին նրան անվանում ընկերները), հավաքում էր ընտանիքի անդամներին ու հարեւաններին ու վերարտադրում տեսած ֆիլմը։ Երեխայի տաղանդը նկատեցին եւ հավերժական ծույլ աշակերտին սկսեցին դերեր տալ դպրոցական ներկայացումներում։ Դրանցից մեկից հետո մի հանդիսական մոտենում է տղայի մորը. «Բայց նա ապագա Բրանդոն է»։ Այդտեղ կանգնած Ալը աշխուժանում է. «Իսկ ո՞վ է Բրանդոն»։

3. Շրջիկ խմբի «Ճայը» (Չեխով) ներկայացումը տեսնելուց հետո պատանի Ալն այնքան տպավորված էր, որ որոշում է կյանքը կապել թատրոնի հետ։ Ավելի ուշ ռեստորանում նա տեսավ իրեն այդքան գրաված ներկայացման դերասաններից մեկին, ով բարի մոտ բաժակներ էր լվանում։ Երիտասարդը հասկացավ. այսօր կարելի է փայլել բեմում, իսկ վաղը բաժակներ լվալ։ Ամեն ինչ նորմալ է, եթե դեպի նպատակդ ես գնում։ Ու ինքն էլ էր բեմից դուրս աշխատում որպես ցրիչ, մատուցող, հավաքարար, փոստատար։

4. Մի քանի անհաջող փորձերից հետո Սոնին ընդունվում է նշանավոր Դերասանական ստուդիա, որտեղ, սակայն, ուսումը կիսատ է թողնում։ Դա, սակայն, չի խանգարում, որ նա հայտնվի Բրոդվեյում եւ արժանանա թատերական հեղինակավոր «Թոնի» մրցանակի։

«Դերասաններ կան, որ խաղում են իրենց կերպարները։ Պաչինոն դառնում է իր կերպարը»,-ասում էր Լի Սթրասբերգը։ Կերպարից Ալը դժվարությամբ էր բաժանվում։ Երբ «Ռիչարդ 3-րդ» ներկայացումից հետո դիմահարդարման սենյակ է մտնում հիացած Ժակլին Քենեդին, դերասանը նույնիսկ չի կանգնում։ «Ես դեռեւս թագավոր էի»,-հետագայում հիշում է Պաչինոն։

5. Պաչինոյի առաջին դերը կինոյում թմրամոլ Բոբին էր «Խուճապ Նիդլ զբոսայգում» ֆիլմում։ Այն այնքան տպավորում է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային, որ նա վերջնագիր է ներկայացնում «Կնքահայրը» ֆիլմի պրոդյուսերներին. ահա Մայքլ Կորլեոնեն, եւ վերջ։ Իսկ այդ դերին հավակնում էին Ռոբերտ Ռեդֆորդը, Ջեկ Նիկոլսոնը, Ուորեն Բիտին ու երիտասարդ Ռոբերտ Դե Նիրոն։ Անսպասելիորեն նրա թեկնածությունը պաշտպանում է նաեւ գրքի հեղինակ Մարիո Պյուզոն։

Նկարահանումների ժամանակ բարդ հարաբերություններ ստեղծվեցին։ Ալն ամեն ինչ անում էր, ինչպես ինքն էր ցանկանում կամ պատկերացնում, եւ արդեն քննարկվում էր նրան ֆիլմից հեռացնելու հարցը, բայց տեսնելով այն տեսարանը, որտեղ Մայքլը սպանում է կապիտան Մկքլասիկին, ֆիլմի ղեկավարները հրաժարվում են այդ մտքից։

6. «Կնքահայրը» դերասանին առաջին անգամ «Օսկար»-ի թեկնածու դարձրեց։ Բայց հանդիսավոր միջոցառմանը Պաչինոն նույնիսկ չգնաց. վիրավորվել էր, որ իր Մայքլը կինոակադեմիայի անդամները համարել էին երկրորդական, իսկ ամբողջ ուշադրությունը հասել էր Մարլոն Բրանդոյին։

Նվիրական արձանիկը Պաչինոն ստացավ միայն 20 տարի անց եւ 8-րդ  փորձից հետո՝ «Կնոջ բույրը» ֆիլմում կուրացած գնդապետի դերակատարման համար։ Ֆիլմի նշանավոր տանգոյի տեսարանի փորձերը տեւել են մեկ շաբաթ, նկարահանումները՝ 3 օր։

7. Ալ Պաչինոյի ամենահաջողված կինոդերը համարվում է կուբացի թմրաբարոն Թոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմում։ Հերոսի մոր դերը խաղում էր մի դերասանուհի, ով Պաչինոյից փոքր էր 4 տարով, իսկ կնոջ դերում, չնայած դերասանի բողոքներին եւ ցանկությանը՝ տեսնել այդ դերում Գլեն Քլոուզին, նկարահանվեց երիտասարդ ու դեռեւս անհայտ Միշել Պֆայֆերը։

Ալ Պաչինո
Ալ Պաչինո

8. Դերասանը վստահեցնում է, որ չի ափսոսում իրեն չհասած դերերի համար, բացառությամբ «Սիրունիկը» ֆիլմի Էդվարդ Լյուիսի։ Պաչինոյի խոսքերով՝ ինքը սցենարը սկսել է կարդալ Ջուլիա Ռոբերտսի հետ, բայց հետագայում դերը մեծահոգաբար զիջել է Ռիչարդ Գիրին։ Ու մինչեւ հիմա հոգոց է հանում հիշելով, որ բաց է թողել «կանանց ամենահմայիչ գայթակղողի» դերը խաղալու հնարավորությունը։

9. Պաչինոն բավական սնահավատ է այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է դերասանական խաղին։ Այսպես՝ գալով նկարահանման հրապարակ, նա չի թողնում միացնել տեսախցիկները մինչեւ ձեռքով չի բարեւում բոլոր ներկաներին։ Իսկ թատրոնում ներկայացումից առաջ մշտապես զբոսնում է՝ տրամադրվելու համար։

10. «Ես չես հավատում Աստծուն, ես հավատում եմ Ալ Պաչինոյին»,- մի անգամ դուրս է թռել դերասան Խավիեր Բարդեմի բերանից։ Հավանաբար, միայն ոչ երկրային տաղանդի շնորհիվ է հնարավոր այդքան համոզիչ մարմնավորել Լյուցիֆերին։ Ի դեպ, «Սատանայի փաստաբանը» ֆիլմից Ալը մի քանի անգամ հրաժարվել է։ Կիանու Ռիվզը նրան առաջարկել է իր հոնորարի մի մասը, միայն թե Պաչինոն համաձայնվի։ «Շահամոլությունն իմ սիրելի արատներից է»,-ազնվորեն խոստովանում է դերասանը։

Մեյթալ Դոհենը, ով որոշ ժամանակ ապրել է Պաչինոյի հետ, ապա հեռացել, պատմել է, որ 2 տարվա ընթացքում Ալից ստացել է միայն ծաղիկներ, այն էլ ոչ հաճախ։ Եվ դա այն դեպքում, որ եթե «Կնքահայրը» ֆիլմում Պաչինոյի հոնորարը կազմել է 35 հազար դոլար, ապա հիմա նրա կարողությունը գնահատվում է 180 մլն։

11«Հայրս ամուսնացել է 5 անգամ, ես՝ երբեք։ Դրանից հետեւում է, որ մենք ընդամենը մեր սովորությունների ստրուկներն ենք»,-նշել է Պաչինոն։ Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Դայան Կիտոնի, Ջիլ Քլեյբերգի, Պենելոպա Միլլերի հետ, բայց մնացել է երդվյալ ամուրի։ Դա չի խանգարում, որ նա ակտիվ մասնակցություն ունենա իր երեք երեխաների կյանքում նույնիսկ այն ժամանակ, երբ այնքան էլ գոհ չի լինում նրանցից։ Եվ ասում է. «Մեկ-մեկ ավելի լավ է լինել սատանայի հետ, ում ճանաչում ես, քան հրեշտակի, ում նույնիսկ ծանոթ չես»։

usanogh.am

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի

Comment here