ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի մանկավարժներ,
ԼՂ մեր հայրենակիցներից շատերը, որոնց թվում նաև մեծ թվով երեխաներ, անմարդկային տառապանքի ու փորձությունների միջով անցնելով այսօր արդեն եկել են ու առաջիկա օրերին կգան Հայաստան։ Վստահ եմ՝ գրկաբաց կընդունենք մեր երեխաներին մեր դպրոցներում ու մեր հոգատարությամբ ու ջերմությամբ, մեր հոգածությամբ կփորձենք հնարավորինս դրական ու աջակցող միջավայր ապահովել նրանց համար, մեղմել էս օրերի տառապանքը։
Սիրելի ուսանողներ,
այսօր արդեն Գորիսում մեր հայրենակիցների ընդունման աշխատանքներում Գորիսի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ ունենք ներգրավված՝ որպես կամավոր։ Վստահ եմ՝ ձեզնից շատերն էլ կներգրավվեն աջակցության ամենատարբեր աշխատանքներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ տիպի աջակցությունից մինչև ավելի մասնագիտական աշխատանքներ։
Օրինակ, այս օրերին սոցիալական աշխատանքի, հոգեբանության կրթական ծրագրերով սովորող մեր ուսանողները կարող են զգալի աջակցություն ցուցաբերել համապատասխան մասնագիտական աշխատանքներում, օտար լեզուներ ուսումնասիրող մեր ուսանողները կարող են էական աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ տեղեկատվական հոսքերը նաև այլ լեզուներով ապահովելու համար։
Աշխատանք շատ կա և յուրաքանչյուրիդ ջանքը կարևոր կլինի։
Վաղվանից բուհերը կսկսեն հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։
Դժվար օրերը միասին անցնելու համար են, պինդ լինենք»,- գրել է նա:
Սեպտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Տվյալները հրապարակվել են ժամը 18:00-ի դրությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 10000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։