ԳլխավորԼուր

Սրբուհի Գևորգյանը հանդիպել է «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթած ՀՊՄՀ ուսանողների հետ

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն այսօր հանդիպեց 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված ՀՊՄՀ ուսանողների հետ, տեղեկացնում են բուհի լրատվականից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած «Լավագույն ուսանող» մրցույթում ՀՊՄՀ-ից հաղթող էր ճանաչվել 4 ուսանող՝ Բանասիրական ֆակուլտետի 3-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Տաթև Թամրազյանն ու Աննա Դավթյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ջուլիետա Մանուկյանը, ինչպես նաև Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հասմիկ Ղռմաջյանը:

Սրբուհի Գևորգյանը հանդիպման ընթացքում ընդգծեց, որ մրցանակաբաշխությանն առանձնակի հպարտություն է զգացել և մեծ պատիվ համարել, որ ուսանողներն իրենց ուսումնական գործունեությունը կապել են Մանկավարժականի հետ:

Նա նաև հետաքրքրվեց՝ ինչն է մոտիվացրել լավագույնը լինելու ձգտմանն ու եղել բարձր արդյուքներ գրանցելու շարժիչ ուժը. մեխանիզմը կարևոր է իմանալ՝ լավագույն փորձը մյուս ուսանողների շրջանում տարածելու իմաստով:

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանող Հասմիկ Ղռմաջյանը նախ խոսեց բուհի և մասնագիտության ընտրության մասին, ապա խոստովանեց՝ ֆակուլտետում գիտական գործունեություն ծավալելիս դասախոսները մշտապես աջակցություն են ցուցաբերել: Հաղթանակի գործում կարևորեց նաև ներքին անհատական մղումը:

Վերջինս տեղեկացրեց, որ ուսմանը զուգահեռ աշխատում է նաև երևանյան առաջատար դպրոցներից մեկում՝ կրթական գործընթացում կիրառելով բուհական հարուստ գիտելքիները:

Ուսանողուհի Աննա Դավթյանն էլ հաղթանակի կարևոր գործոն համարեց սերն ու գնահատված լինելը. ուսումնառության 7 տարին ապացուցել է՝ ցանկացած գործ, որն անում ես սիրով, անպայման հաջողությամբ է պսակվում:

Սկզբնական կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ջուլիետա Մանուկյանն իր հաջողության գրավակականն է համարում փորձառու և բարձր որակավորում ունեցող դասախոսներին: Ցանկացած տեղ մեծ հպարտությամբ է նշում, թե որ բուհի ուսանողն է:

Ապագա բանասեր Տաթև Թամրազյանը, բուհի Հենակետային ավագ դպրոցի շրջանավարտ է, ինչն էլ համարում է իր հաջողության սկիզբը: Այստեղ է հասկացել՝ ի՞նչ և ինչու՞ պետք է սովորել։

Համալսարանի ընտրության հարցում երկար չի մտածել. հայագիտության ոլորտում առաջին տեղը զբաղեցնելն էլ ոչ թե նպատակ է եղել, այլ արդյունք: Երրորդ կուրսի ուսանողուհին կարծում է, որ սովորելու դեռ շատ բան ունի:

Բուհի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ մասնագիտական ուղին հատկապես մանկավարժական մայր բուհի հետ կապելու համար:

Նա ծաղիկներ և խորհրդանշական նվերներ հանձնեց ուսանողներին՝ հույս հայտնելով, որ Մանկավարժականում ձևավորված լավագույն ավադույթները կշարունակվեն, և ուսանողները ժամանակի ընթացքում կհամալրեն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: