ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը

Լալիկ Խաչատրյան

Կյանքի 72-րդ տարում մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Լալիկ Խաչատրյանը, հայտնում են Հայկական պետական մանկավարժական համալսարանից։

Լալիկ Խաչատրյանը ծնվել է 1952 թվականին։ 1969 – 1973 թթ․ սովորել է Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայկական բաժնում, 1978 – 1981թթ․՝ Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ էր, իսկ 1983-1985. թ. -ին Մոսկվայում ստացել է Գերմաներենի մասնագետի որակավորման օտար լեզուների պետական դասընթացներ։ Անվանի լեզվաբանը 1982 թվականից դասավանդում էր հարազատ բուհում՝ որպես Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ, իսկ 2002-ից մինչև օրս նույն ամբիոնի պրոֆեսոր։

Շուրջ մեկուկես տասնամյակ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը ղեկավարել է նաև Հայոց լեզվի դասավանդման և մեթոդիկայի ամբիոնը։ Նրա գիտամանկավարժական երկարամյա գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում 2019 թվականին հիմնադրված Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիան, որը ղեկավարեց մինչև կյանքի վերջին օրը։ Լաբորատորիայի հնգամյա գործունեության ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ գիտաժողովներ, անվանի լեզվաբանների մասնակցությամբ գիտական տարբեր ձեռնարկներ, տպագրվեցին ժողովածուներ՝ նվիրված լեզվաբանությանն ու դրա հիմնախնդիրներին։

Մանկավարժական իր ողջ գործունեության ընթացքում Լալիկ Խաչատրյանը կրթել է մանկավարժ-լեզվաբանների մի քանի տասնյակ սերունդների, նրանց փոխանցել ժամանակակից հայոց լեզվի, գրաբարի, հայոց լեզվի պատմության, լեզվաբանության ներածության, ընդհանուր լեզվաբանության և լեզվի տեսության վերաբերյալ հիմնարար ու բազմակողմանի գիտելիքներ։

Դասագրքերի, մենագրությունների, բառարանների, շուրջ 170 հոդվածի հեղինակ էր, որոնք նվիրված էին հայոց լեզվի, լեզվի դասավանդման մեթոդիկայի, հայերենի և այլ լեզուների տիպաբանության տարաբնույթ հարցերին, ինչպես նաև լեզվաբանական նորագույն ուղղություններին։

Անվանի լեզվաբանն ու վաստակաշատ մանկավարժը բազմամյա գիտամանկավարժական գործունեության համար արժանացել է մի շարք պարգևների։

«Լեզվաբանության և մանկավարժության անմնացորդ նվիրյալի, վաստակաշատ մանկավարժի՝ պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Խաչատրյանների ընտանիքին՝ Լալիկ Խաչատրյանի մահվան կապակցությամբ:

Լալիկ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին․ տեղի և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրության մեջ։