Ավելի լուրջԳլխավորԽոսք

Հայաստանը նախկինը չի լինի. Աննուշկան արդեն թափել է ձեթը

Քայլերթի մասնակից

Հետո՞, սրա վերջն ի՞նչ է լինելու. շատ են հարցնողներն ու ավելի շատ՝ մտածողները հայոց հինավուրց երկրում 6-ամյա օրերը հիշեցնող  նորօրյա բողոքի շարժման վերաբերյալ։

Մի քանի հպանցիկ դիտարկումները  (բազմադարյա փորձառությամբ եկեղեցու՝ շարժման գլուխ կանգնելը, սահմանազատումն առիթ դարձնելն այն դեպքում, երբ նույնիսկ Ջերմուկում ու Գեղարքունիքում ՀՀ տարածք ներխուժումները «մարսվել են», քայլերթն սկսվելուն զուգահեռ՝ ուժայինների կտրուկ ու ակնհայտ պասսիվությունը, բազմիցս իշխանություններին կամա-ակամա փրկած ընդդիմադիրների՝ առաջին շարքերում չլինելը, մանրամասն ու մանրակրկիտ ծրագրի ու քայլերի առկայությունը, իշխանավորների՝ արտաքին իբր թե ջղաձգումները եւ այլն) ցույց են տալիս՝ իշխանության փոփոխություն կլինի ամենաշատը մեկ ամսվա ընթացքում։

Փողոցի ճնշումը, որի չափաքանակը ըստ անհրաժեշտության կուժեղանա, կսրբի-կտանի մի պատմություն քաղաքական դաշտից, որի հետեւանքները գոնե մի քիչ մեղմելը կպահանջի ամենօրյա տքնաջան աշխատանք, մի քիչ էլ՝ նվիրում գաղափարին, ավելի պակաս՝  դրան հավատարիմ մարդկանց։

Ուրախությունն ու էյֆորիան համազգային կլինի կամ կթվա. «Վերջացա՜վ, վերջացա ՛վ, վերջացավ…» կգոռանք բարձրաձայն կամ մտովի՝ փորձելով րոպե առաջ մոռանալ նվաստացման ու ինքնանվաստացման ամենժամյա խոշտանգումը, որի ընթացքում ասֆալտին էին փռվում մարդիկ, դեմքեր, կյանքեր, գաղափարներ, պետականություն, հայրենիք։

Եվ կարծես թմբիրից արթնացածներիս համար, որքան էլ սրբապիղծ հնչի, արդեն այնքան աբսուրդ ու դաժան չի թվա այն, ինչ կորցրել ենք, ու ինչի համար հենց սկսվել էր պատմությունը մի 6 տարի առաջ…

Բոլոր դեպքերում՝ Հայաստանն էլ երեկվանը չի լինի հաստատ, ու ոչ թե որ հինավուրց ու աստվածային այս երկրի բնակիչներն են մի քանի օրում փոխվել ու դարձել ավելի գիտակից կամ հայրենասեր, այլ որովհետեւ Աննուշկան արդեն թափել է ձեթը՝ ինչ-որ մի տեղ։ Ամբողջ հարցն այն է՝ ով դրդեց Աննուշկային։

Ա. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Լուսանկարը՝ Անի Ռափյանի (Ani Van)