ԳլխավորԼուր

Ընդդիմության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է. նա սառեցնում է հոգևոր ծառայությունը

Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ

Ընդդիմության վարչապետի թեկնածուն լինելու է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։

Դրանից հետո Բագրատ սրբազանը հայտարարեց.

«Նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, անկեղծ, լեզուս էլ չի պտտվում ասռելու՝ վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, վեհափառ հայրապետի հետ, իր նախագահությամբ հոգևեր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին, ներկայացնելով իմ իրավիճակը, խնդրել եմ այս երեսնամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել»,-հայտարարեց նա։

Մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան  մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը, որը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Երթի մասնակիցները Երևան հասան մայիսի 9-ին, որտեղ բազմամարդ հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մայիսի 10-ից մեկնարկեցին անհնազանդության ակցիաները։

Մայիսի 26-ի հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Դրանից հետո նա կոչ արեց շարունակել անհնազանդության խաղաղ ակցիաները։