Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով կա երեք զոհ, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նախարարությունից հայտնում են, որ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:
ՆԳՆ–ն հայտնում է մյուս երկու զոհերի անունները` Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի 76–ամյա բնակիչ Ավագ Ավագյանի դին, Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել 39-ամյա Սարիբեկ Բալյանի դին:
Ժամը 19.30-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը, մասնավորապես 223–ը` Լոռու մարզում և 42–ը` Տավուշում:
Բացի այդ, Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1–ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։
Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
