ԳլխավորԼուր

Հայաստանում զանգվածային անկարգությունների վտանգ կա. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի  հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից։

Դրանք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության  անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ  վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող  սադրիչ կոչերին ու հորդորներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ մայիսի 1-ին, ժամը 16-ին ապրիլի 22-ից բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր ուժերը հանրահավաք են հրավիրել Երևանում։