ԳլխավորԼուր

Թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները. ՊՆ

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ 15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։

Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։

Հայկական կողմի զոհերի՝ այս պահին հաստատված թիվը՝ 105, հրապարակվել է այսօր՝ հանրապետության վարչապետի կողմից։ Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է պաշտպանության նախարարության թեժ գծի՝ 1-28 հեռախոսահամարը։

Պաշտպանության նախարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զրագացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմն ունի 105 զոհ։