ԳլխավորԼուր

ՀՀ քննչական կոմիտեն զոհերի նոր թիվ է հայտնել

Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի նույնականացված 201 զոհ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«201 զոհից 197–ը զինծառայող է, իսկ 4-ը քաղաքացիական անձ»,– նշել է Թադևոսյանը։

Ավելի վաղ նշվում էր, որ լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը 210 է, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը պարբերաբար խախտվում է։

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմից կա 3 զոհ։

Սեպտեմբերի 23-ի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 133 (32, 95, 6) զինծառայողի մարմին, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։