ԳլխավորԼուր

Արցախցի դիմորդները չեն կարողանում քննություններ հանձնել. Ադրբեջանը երազանքներ է խլում

Թաղավարդ

Թաղավարդցի 18-ամյա Մանեն  մասամբ «բռնազավթված» է Ադրբեջանի կողմից 2020-ի  պատերազմի հետևանքով, որի ժամանակ զոհվել է նրա հայրը: Մանեն երազում է սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում և դառնալ վնասվածքաբան։ Սակայն շրջափակման պատճառով նա չի կարող գնալ Երևան՝ մասնակցելու բուհի ընդունելության նախնական քննություններին։

Արցախի Հանրապետությունից դուրս գալու անհնարինության և Արցախում միջազգային թեստային կենտրոնների բացակայության հետևանքով Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բուհերի արցախցի դիմորդները հնարավորություն չունեն հանձնելու համապատասխան քննություններ՝ նախընտրած բուհեր ընդունվելու համար: Այս մասին Usanogh.am-ը տեղեկանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին վերջին զեկույցից:

Ինչպես Մանեի, այնպես էլ մի շարք դիմորդների ապագան վտանգված է, քանի որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով նրանք զրկված են կրթության իրենց տարրական իրավունքից։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում Մանեն նշել է.

«Ինձ ասացին, որ հայրս անմիջապես չի մահացել։ Նրա վրա կրակել է ադրբեջանցի դիպուկահարը, և մահից առաջ ժամերով արնահոսել է։ Եթե մոտակայքում բժիշկ լիներ, որը կկարողանար տեղում պատշաճ բուժօգնություն ցուցաբերել նրան, հավանաբար ողջ կմնար։ Ահա թե ինչու որոշեցի բժիշկ դառնալ, որպեսզի փրկեմ մարդկանց կյանքը այս դաժան աշխարհում: Բայց ես կորցնում եմ հույսս շրջափակման ամեն նոր օրվա հետ։ Հիմա դժվար է ինչ-որ բան երազել կամ պլանավորել։ Այն ամենը, ինչ ես երբևէ ցանկացել ու սիրել եմ, Ադրբեջանն ի վերջո խլում է ինձանից»:

Հավելենք, որ ջեռուցման և էլեկտրամատակարարման խնդիրներով պայմանավորված՝ պարբերական ընդհատումներ ու դժվարություններ են լինում նաև մշակութային և մարզական պարապմունքների կազմակերպման հարցում, որը բացասաբար է անդրադառնում հազարավոր սովորողների հոգևոր և ֆիզիոլոգիական զարգացման վրա:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար անջատում է նաև Արցախի գազամատակարարումը։

Արցախում էլեկտամատակարարման հովհարային անջատումներ են, որոշ սննդամթերքներ վաճառվում են կտրոններով։

2023 թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

Այս որոշումը կատարելու փոխարեն Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։