Այսօր Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի հիշատակի օրն է։
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը եւ մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։
Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։