ԳլխավորԼուր

ԵՄ առաքելությունը սկսում է իր աշխատանքը Հայաստանում

ԵՄ դիտորդ

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը սկսում է իր աշխատանքը Հայաստանում։

«Եվրամիությունն այսօր գործարկում է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում»,-ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրությունում։

ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:

Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:

Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: