ԳլխավորԼուր

Քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր ընդունել է երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավմանը և ուսանողական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող եռամյա դրամաշնորհային ծրագիրն իրականացնում է երեք կազմակերպությունների` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի և Հայաստանում հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կոնսորցիումը: Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի փետրվարին:

Կարևորելով նախաձեռնությունը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ բուհերում ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանության բարձրացումը բարձրագույն կրթության բարեփոխումների առանցքային ուղղություններից է. «Ուսանողական ինքնակառավարման նոր մոդելների մշակումը դիտարժան ուղղություն է նաև նախարարության համար` բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման համատեքստում»:

Հանդիպմանը ներկա ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը տեղեկացրել է, որ ուսանողական կառույցների զարգացման խնդիրը շեշտված է նաև այժմ գերատեսչությունում մշակվող ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-25 թթ. ռազմավարության մեջ, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:

Երիտասարդական կառույցների ներկայացուցիչները` ներկայացնելով «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, կարևորել են ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունը, քանի որ վերջնական նպատակը մշակվող կրթական և երիտասարդական քաղաքականությանը մասնակից դառնալն է` քննադատական մտածողության խրախուսմամբ և այդ գործընթացում ուսանողների առավել լայն շրջանակների ընդգրկմամբ:

«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակում միջոցառումներ են նախատեսված Երևանում, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում:

Comment here