ԳլխավորԼուր

Բուհեր դիմելու հայտերի ներկայացման ժամկետը լրանում է

Ապրիլի 15-ին մեկնարկած՝ բուհերի ընդունելության դիմում-հայտերի ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 10-ին։

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում (dimord.am) պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

2021-2022 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ԳԹԿ կայքէջ կամ դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Ընդունելության 1-ին փուլի հայտագրման մանրամասները՝ ԿԳՄՍՆ-ի տեսանյութում։