ԳլխավորԼուր

Կայացել են պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը

Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում կայացել են մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը:

Այս տարի մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել 13 հայազգի պատանի կոմպոզիտոր Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, ովքեր, բաժանվելով երկու տարիքային խմբերի, ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:

Կրտսեր խմբում հաղթողի կոչմանն է արժանացել Մերի Առակյանը (դաս.՝ Նարինե Մխիթարյան), իսկ ավագ խմբում՝ Էդգար Մխիթարյանը (դաս.՝ Մարիա Ղուշչյան): Ավագ խմբից երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Էդուարդ Ալեքսանյանն ու Էմիլի Հովհաննիսյանը (Ֆրանսիա), իսկ կրտսեր խմբից՝ Արաքս Աշճյանը և Ալեքս Գևորգյանը: Հանդիսատեսի համակրանք անվանակարգի հաղթողն է Մերի Առակյանը:

Հավելենք, որ բոլոր պատանիները պարգևատրվել են պատվոգրերով, խրախուսական նվերներով, ինչպես նաև հնարավորություն են ստացել անվճար ձայնագրվելու Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև անվանական գավաթներով: Այս ամենից զատ՝ երկու խմբերի հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Դրամական խրախուսանքով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթն իրականացվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերությամբ:

Comment here