ԳլխավորԼուր

Հայտնի են ուսանողական ներկայացումների «Ուրիշ» մրցանակաբաշխության հաղթողները

«Ուրիշ» մրցանակաբաշխության հաղթողները

Մայիսի 25-ին Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջում տեղի է ունեցել «Ուրիշ» մրցանակաբաշխությունը։

«Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Պարի ուսուցում» միջին-մասնագիտական ուղղվածություններով ուսանողները միմյանց հետ մրցակցեցին 2022-2023 ուսումնական տարում կատարած ստեղծագործական աշխատանքներով։

«Լավագույն դեբյուտ» մրցանակին արժանացան` Գոռ Հովհաննիսյանը ներկայացումների գրաֆիկական աշխատանքները հեղինակելու, Արամ Սահակյանը` «Կարպե Դիեմ» և Մերի Չուգուրյանը` «Սեր, թե՞…» ներկայացումները բեմադրելու համար։

«Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգում հաղթեց Արտյոմ Ավետիսյանը` «Սուրբծննդյան հրեշտակը» և «Կապուտաչյա Հայրենիք» ներկայացումների երաժշտական ձևավորումն իրականացնելու համար։

«2-րդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Ռուսլան Սիմոնյանը (ներկայացումը` «Ճառ ասենք, թե՞…»), իսկ «2-րդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում Մարիաննա Միքաելյանը (ներկայացումը` «Սասնա Ծռեր»)։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթողներն երեքն են` Մարտին Բաբախանյանը և Ֆելիքս Ղազարյանը` «Թե ո՞վ իրականում խեղդեց Դեզդեմոնային» ու Գարիկ Կոստանդյանը` «Ճառ ասենք, թե՞…» ներկայացումների մեջ գլխավոր դերակատարումների համար։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Լիլի Գալստյանը` «Թե ո՞վ իրականում խեղդեց Դեզդեմոնային» ներկայացման մեջ գլխավոր դերակատարման համար։

«Լավագույն ուսանող բեմադրիչ» անվանակարգում հաղթողներն երկուսն են` Արտյոմ Ավետիսյանը` «Կապուտաչյա Հայրենիք» և Գևորգ  Մարգարյանը` «Սասնա Ծռեր» ներկայացումների բեմադրության համար։

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթանակի արժանացան Գայանե Ասատրյանը` «Մարում» կարճամետրաժ խաղարկային և Մերի Վարդանյանը` «Ծիածան» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար։

«Լավագույն պարային ներկայացում»  անվանակարգում հաղթանակի արժանացավ «Կապուտաչյա Հայրենիք» ներկայացումը, բեմադրող` Արտյոմ Ավետիսյան։

Տարվա «Լավագույն ներկայացում» գլխավոր անվանակարգում հաղթեց «Թե ո՞վ իրականում խեղդեց Դեզդեմոնային» ներկայացումը, ռեժիսոր` Միշա Հակոբյան (քոլեջի դասախոս, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան)։

«Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթանակի արժանացավ Լեո Հայրապետյանը` «Սասնա Ծռեր» ներկայացման մեջ գլխավոր դերակատարման համար։

Մրցանակաբաշխության երեկոն վարեցին քոլեջի դասախոսները` Հ. Մալյանի անվան թատրոնի դերասան Հարություն Բեգ-Վանյանն ու Պատանի Հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանը։ Մրցանակները հանձնեցին թատերարվեստի ոլորտի նշանավոր ներկայացուցիչներն ու քոլեջի դասախոսները. ՀՀ վաստակավոր արտիստներ Արտաշես Շահվերդյանը, Արև Սանթրոսյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Համազգային թատրոնի դերասանուհիներ Տաթև Ղազարյանը և Արմինե Անդրեասյանը, Պատանի Հանդիսատեսի թատրոնի դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը։

Այսպիսով, Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջն ամփոփեց 2022-2023 ուսումնական տարին։ Քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեցին 11 ներկայացումներ, որից 9-ը` բեմադրվեցին դասախոսների և ուսանողների կողմից, իսկ 2-ը` հյուրընկավեցին։