«Թատրոն Կայարան»-ում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի համանուն բեմադրության առաջնախաղը, որը անցավ լեփ-լեցուն դահլիճում: Ներկա էին տարբեր տարիքի հանդիսատեսներ, ովքեր մեծ ոգևորությամբ ընդունեցին հայկական գունեղ կոլորիտով երաժշտական ներկայացումը:
Պիեսի հեղինակը և բեմադրիչը «Թատրոն Կայարան»-ի գեղարվեստական ղեկավար Կարապետ Քարաջյանն է: Նա պիեսի հիմքում դրել է 5 կետեր՝ սեր ծնողի, հայրենիքի, կողակցի, աշխատանքի նկատմամբ ու հարգանքը:
Ներկայացման երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, պարերը բեմադրել է Նակա Միրզոյանը, իսկ նկարիչն Արեգ Միրիջանյանն է:
Թատրոնի փոխտնօրեն Անդրանիկ (Անդի) Սողոմոնյանը Usanogh.am-ին տեղեկացրեց, որ ծավալուն աշխատանք է կատարվել ամեն մի դետալի, դեկորի, ընդհանուր ռեկվիզիտների, հագուստների, լույսերի և այլնի համար:
Ա.Սողոմոնյանը նշեց, որ շատ պատասխանատու աշխատանքը Կարապետ Քարաջյանի ղեկավարությամբ փայլուն արդյունք է տվել։ Դրա վառ ապացույցն էին հանդիսատեսների չդադարող ծափերը:
Փոխտնօրենը նշեց, որ առաջնախաղի բեմադրությանն իրենց աջակցել է Ararat view Garden-ի տնօրինությունը, որպեսզի ներկայացմանը մասնակից լինեն նաև պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ: