Թումանյանի պատմասության միջազգային փառատոնը հյուրընկալել էր Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի «Լոռեցի Սաքոն» ներկայացումը, որը միահյուսում է հայ դասական Հովհաննես Թումանյանի պոեզիան, հայ ժողովրդական երգն ու հին կենցաղը՝ ժամանակակից թատրոնի հետ, տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
«Ներկայացումը բեմադրվել է հայտնի ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի կողմից, գլխավոր դերում՝ հայտնի դերասան Արման Նավասարդյան։ Փառատոնի մեր պատվավոր հյուրն էր նաև Անի Եղիազարյանը` Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն, գրականագետ, թանգարանային ոլորտի մասնագետ։ Նա ներածական խոսքով հանդես եկավ «Լոռեցի Սաքոն» ներկայացումից առաջ՝ լուսաբանելով Հովհաննես Թումանյանի կյանքի, աշխատանքի, ժառանգության և Լոռու մարզի հետ նրա կապի, ներկայացման մասին պատմություններ։
Այս տարվա փառատոնի թեման՝ «տեղի շուրջ պատմությունները», ընդգրկում է պատմություններ, որտեղ միջավայրը ոչ միայն ֆոն է, այլ կենսական կերպար: Փառատոնը լի էր պատմություններով և երաժշտական կատարումներով, պատմասության դասընթացներով, արշավներով, զրույցներով, «բաց խոսափողով», ցուցահանդեսով, հիշարժան լեռնային տեսարաններով, խմբակային ընթրիքներով և շատ ավելին: Ներկայացումների լեզուները՝ հայերեն (արևմտահայերեն և արևելահայերեն) և անգլերեն։ Փառատոնն ուրախ էր հյուրընկելել մոտ 30 տեղացի և միջազգային պատմասացների, երաժիշտների և դերասանների.
- Ռաֆայել Ռոդան, պատմասության քոուչ և Ամստերդամի պատմասության փառատոնի գեղարվեստական համաղեկավար
- Րաֆֆի Ֆեղալի, բոմադրող, պատմասաց, կատարող, հարվածային գործիքահար Բեյրութից
- Մառա Մենզիս, մրցանակակիր շոտլանդա-քենիացի պատմասաց և կատարող
- Մելիսա Ֆերահյան, Ստամբուլաբնակ պատմասաց և մանկավարժ
- Մահիր Օզջան, հրատարակված համշենական ժողովրդական հեքիաթների հեղինակ
- Սկաուտ Թուֆենկջյան, ամերիկահայ հռչակավոր ֆոտոլրագրող
- Գուրգէն Փափազեան, Բեյրութում և Բեռլինում բնակվող վավերագրական կինոռեժիսոր
- Հրաչ Մարտիրոսյան, լեզվաբան և գիտնական
- Ալին Դեմիրճյան, արգենտինահայ երգչուհի-երգահան
- Արամ Պաչյան, գրող
- Տիգրան Ամիրյան, գրականագետ, սեմիոլոգ, համադրող և ժամանակակից արվեստի հետազոտող
Թումանյանի պատմասության միջազգային փառատանը (կազմակերպված՝ ս․թ․ օգոստոսի 25, 26, 27-ին Լոռվա մարզի Թումանյան համայնքում) նաև բացառիկ հնարավարություն էր համայնքային կյանքի աշխուժացման, մարզային փոքր և միջին բիզնեսների զարգացման համար։
Թումանյանի պատմասության միջազգային փառատոնը Հայաստանում գրանցված բարեգործական հիմնադրամի՝ Թումանյան զարգացման հիմնադրամի նախագիծն է։ Հիմնադրամը գործում է 2020 թվականի օգոստոսից՝ նպատակ ունենալով զբոսաշրջության և տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով վերակենդանացնել Թումանյան համայնքը։ Փառատոնը հնարավոր է դարձել Հ.Հովնանյան ընտանիք հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիան առատաձեռն աջակցությամբ: Հատուկ շնորհակալություն «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։