ԳլխավորԼուր

Ժողովրդական ստեղծագործության փառատոն՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով փառատոնի շուրջ հավաքվածներին՝ ժողովրդական ստեղծագործության վարպետներին, ԱՊՀ երկրներից ժամանած մասնակիցներին, քաղաքի հյուրերին, զբոսաշրջիկներին, վարչության պետն ընդգծել է այդ հարթակի կարևորությունը՝ նշելով, որ ավանդական արհեստների փառատոնը համագործակցության, նոր գաղափարների ստեղծման, մշակութային ժառանգության պահպանության և փոխանակման հարթակ է:

Անդրադառնալով փառատոնի անցկացման գաղափարին՝ Աստղիկ Մարաբյանը տեղեկացրել է, որ այն ձգվում է 2020 թվականից, երբ ԱՊՀ համագործակցության երկրների կողմից 2022 թվականը հայտարարվել է ժողովրդական ստեղծագործության ու մշակութային ժառանգության տարի, և այդ շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, հանդես գալով փառատոնի կազմակերպման նախաձեռնությամբ, այն իրականացնում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Գյումրիում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի տեղեկացմամբ՝ փառատոնն իր շուրջն է համախմբել շուրջ 65 վարպետների՝ ՀՀ մարզերից, Ռուսաստանից և Բելառուսից:

«Փորձել ենք հնարավորինս ապահովել բազմազանությունը.  30 տաղավարներում ներկայացված են գորգերի, կարպետների, ասեղնագործության և ժանեկագործության տեսակներ, տիկնիկագործության, բրուտագործության, խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության տարբեր նմուշներ, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեր:

Այս ամենին զուգահեռ՝ ցուցադրվում են նաև կենսունակ արվեստի այլ տեսակներ, մասնավորապես՝ լարախաղացությունը, որը ներկայում անհապաղ պաշտպանության կարիք ունեցող մշակութային արժեք է, քանի որ այդ ուղղությամբ սերնդափոխության խնդիր կա:  Բացի գեղարվեստական աշխատանքների ցուցադրությունից՝ վարպետները նաև վարպետաց դասեր են անցկացնում և իրենց հմտություններով կիսվում մյուսների հետ: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան նաև ազգագրական երգի, պարի խմբեր»,- եզրափակել է  Նաիրա Կիլիչյանը:

Ժողովրդական ստեղծագործության վարպետ, բրուտ-խեցեգործ Լևոն Հովհաննիսյանը փառատոնի շրջանակում ներկայացնում էր իր ձեռքի աշխատանքները. յուրօրինակ սպասքներ, զարդատուփեր, հուշանվերներ, կիրառական-դեկորատիվ արվեստի այլ իրեր:

«Մեր տաղավարում ներկայացված են իրեր տարբեր ճաշակի և նախասիրությունների անձանց համար, այստեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն դուր եկածը: Իմ պատրաստած բոլոր իրերը ձեռքի աշխատանքներ են, այսինքն՝ կաղապարային չեն, ջնարակապատման տեխնոլոգիաներն էլ տարբեր են՝ սննդային և դեկորատիվ: Աշխատանքների մեջ կան նմուշներ, որոնք համադրված են գունավոր օրգանական ապակիով և կերամիկայով: Բոլոր աշխատանքները ինքնատիպ են, որովհետև գաղափարը որևէ տեղից փոխառված չէ, այլ ինքս եմ ստեղծագործում և կյանքի կոչում գաղափարներս:

Այսպիսի փառատոները շատ կարևոր են մեզ համար. անձամբ ես մասնակցում եմ այս փառատոնին հանրությանը ներկայացնելու, ճանաչելի դարձնելու աշխատանքներս: Այս հարթակը նաև մարդկանց հնարավորություն է տալիս գեղագիտություն ձևավորելու, ինչը պակաս կարևոր չէ»,- փաստել է ժողովրդական ստեղծագործության վարպետը:

Նշենք, որ փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր: