ԳլխավորԼուր

44 դասագիրք և 15 ուղեցույց. որտե՞ղ փնտրել դեռևս չտպագրված ուսումնական նյութերը

Դասագիրք, դասագրքեր

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Այս մասին Usanogh.am-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից` ի պատասխան մեր այն հարցին, թե նոր դասագրքերի ուշանալու պատճառով ինչպես է հանրակրթական դպրոցներում կազմակերպվում ուսումնական գործընթացը:

«Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Դպրոցներին հանձնարարվել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից: Դպրոցն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից տպված համապատասխան թեմաների էջերը սովորողներին բաշխելու աշխատանքները»,-ասված է նախարարության պատասխանի մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն, քանի որ սահմանված ընթացակարգերը որոշակի ժամանակ են պահանջում:

2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից գործարկվող «Պաշարների շտեմարան» հարթակում: Մասնավորապես, վերոնշյալ հարթակում տեղադրվել են նոր դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների էլեկտրոնային տարբերակները՝

  • Երկրորդ դասարան՝ 12 դասագիրք, 5 ուղեցույց
  • Հինգերորդ դասարան՝ 14 դասագիրք, 4 ուղեցույց
  • Յոթերորդ դասարան՝ 18 դասագիրք, 6 ուղեցույց։

Նշյալ նյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝

Հիշեցնենք, որ «Հանրակրթության պետական չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված հանրակրթական առարկաների նոր որակյալ դասագրքերի ստեղծման նպատակով դեռևս 2022-ի նոյեմբերի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել էին դրամաշնորհային մրցույթներ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների թվով 65 անուն դասագրքերի համար:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ