Նախ նշենք, որ դասագրքի թեմաների և գլուխների վերնագրերի զգալի մասը չեն համապատասխանում ԿԳՄՍ նախարարի 30 նոյեմբերի 2022 թ․ No 72-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի ծրագրին», իսկ ծրագրով նախատեսված մի շարք ենթաթեմաներ ընդհանրապես բացակայում են, որոնք կներկայացնենք ստորև։
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը որպես համաշխարհային քաղաքակրթական բնօրրաններից մեկը: Հայոց հայրենիքը: Հայկական լեռնաշխարհի վաղ պետականությունները Ք.ծ.ա. III-I հազարամյակներում (վերնագիրը դասագրքում վերանվանվել է «Հայկական լեռնաշխարհն ու առաջին քաղաքակրթությունները»)
- Ծրագրով նախատեսված առաջին ենթաթեման կոչվում է «Հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման պատմաաշխարհագրական միջավայրը։ Հայոց հայրենիքը»: Բայց դասագրքի առաջին ենթաթեմայում (որը դասագրքում ներկայացված է ներածական մասում՝ «Հայկական լեռնաշխարհն ու հայերը» վերնագրով) մենք Հայոց հայրենիք բառակապակցությանը կամ հասկացությանն այդպես էլ չհանդիպեցինք:
- Կարծում ենք, սխալ է «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի առաջին էջերում հայոց պատմահայր Մովսես Խորենացու նկարի փոխարեն դնել Քսենոփոնի և Ստրաբոնի նկարները և հայոց պատմության ուսումնասիրումն սկսել նրանց հաղորդած տեղեկություններով (էջ 12)։
- «Արարատյան դաշտում են գտնվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները» (էջ 13)։ Այս պնդումը սխալ է, պետք է լինի Այրարատ նահանգում։
- «Արևելքում լեռնաշխարհի սահմանները հասնում են մինչև Ուրմիա (Կապուտան) լիճ» (էջ 12)։ Այնինչ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը Կասպից ծովն է։
- Առնվազն տարօրինակ է, որ ծրագրով նախատեսված «Հայկական լեռնաշխարհը որպես մարդկության զարգացման օրրան և հայոց քաղաքակրթության բնօրրան» ենթաթեման դասագրքում փոխարինվել է «Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները» վերնագրով, որպեսզի նրանում ներկայացվի նախամարդկանց՝ Աֆրիկայից դեպի Հայկական լեռնաշխարհ գաղթը և այդ ճանապարհին Հայոց աշխարհը դառնա նրանց հանգրվաններից մեկը։
- «Իրենց մեծությամբ և նշանակությամբ առանձնանում են Ուրմիա (Կապուտան), Վան (Բզնունյաց) և Սևան (Գեղամա) լճերը» (էջ 14)։ Պետք է լինի Վանա լիճ, Սևանա լիճ։
- 14 էջի՝ «Հայկական լեռնաշխարհի դիրքն ու 15 աշխարհները (նահանգները)» քարտեզում Փոքր Հայքը Հայկական լեռնաշխարհից դուրս է ներկայացված, որը կոպիտ սխալ է։
- «Լեռնաշխարհի տարածքում պատմության տարբեր փուլերում հայտնի են եղել Մեծ Հայքի, իսկ դրանից դուրս՝ Փոքր Հայքի և Կիլիկիայի վարչական միավորները» (էջ 15)։ Այս պնդման մեջ նույնպես կոպիտ սխալ կա։
- «Ավանդաբար Մեծ Հայքը կազմված է եղել 15 նահանգներից՝ Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ։ Ընդհանուր՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածք։» (էջ 15), որը սխալ է Մեծ Հայքն այդքան տարածք չի ընդգրկում։
- Սփյուռքներ անվանումն անհաջող է կիրառված (էջ 16)։
- Դասագրքում բացակայում է Վանի թագավորության նշանավոր արքաներից մեկի՝ Ռուսա II-ի մասին որևէ տեղեկություն (էջ 43)։
Թեմա 2․ Հայկազունի Երվանդյանների թագավորությունը: Հայաստանը Ք.ծ.ա. VII-III դդ. ( վերնագիրը դասագրքում վերանվանվել է «Երվանդական Հայաստան»)
- Երվանդյան արքայատոհմի գահակալներից ոչ մեկի գահակալության տարեթվերը նշված չեն այս թեմայում։
- Չնայած, որ հաստատված ծրագրով թեմայի վերնագիրն է Հայկազունի Երվանդյանների թագավորությունը, սակայն դասագրքի տեքստում ոչ մի հիշատակում չկա Երվանդյանների Հայկազունի լինելու մասին։
Թեմա 3․ Հայկական թագավորությունները Ք.ծ.ա. II-I դդ․ (վերնագիրը դասագրքում վերանվանվել է «Արտաշեսյան Հայաստան»)
- Կարծում ենք խնդիր կա «Հայաստանը Արտաշես I արքայի օրոք (Ք. ա. 189-160)» քարտեզի և դրանից ստորև ներկայացված «Քարտեզի վրա ցո՛ւյց տուր՝ որոնք էին Արտաշեսյան Հայաստանի հարևան պետությունները Ք. ա. 189-160 թթ., և որ թագավորություններն էին Երվանդականների ժամանակ Հայաստանից տարածքներ զավթել» առաջադրանքի միջև, քանի որ Տմորիք երկրամասը քարտեզում նշված է, իսկ Սելևկյան տերության անվանումը՝ ոչ (էջ 74)։
- Բավականին սխալ որոշում է (նույնիսկ կարելի է ասել կոպիտ սխալ) «Տիգրան Մեծի կայսրությունը Ք. ա. 80 թ. (ժամանակակից սահմաններով)» քարտեզում ժամանակակից պետությունների անունները (հատկապես՝ Ադրբեջան) տեղադրելը (էջ 80)։
- Դասագրքում բացակայում է ծրագրով նախատեսված «Հայկական թագավորությունները (Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե)» ենթաթեման:
- Դասագրքի «Հասարակական-պետական կարգը» ենթագլխում (էջ 96) բացակայում է ծրագրով նախատեսված «բանակ» ենթաթեման։
Թեմա 4. Մեծ Հայքի Արշակունիների թագավորությունը (վերնագիրը դասագրքում վերանվանվել է «Արշակունյաց Հայաստան»)
- Դասագրքում բացակայում է ծրագրով նախատեսված «Քրիստոնեության առաջացումը և տարածումը: Քրիստոնեությունը հայոց քաղաքակրթության հիմնասյուն» ենթաթեման:
- Անորոշ է ծրագրով նախատեսված «Քրիստոնեական վարդապետություն: Աաստվածաշունչ» ենթաթեման:
- Դասագրքում կիսատ է ներկայացված ծրագրով նախատեսված «Հայոց եկեղեցական կառույցի ձևավորումն ու ամրապնդումը։ Հայոց եկեղեցու դերի ու ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում» ենթաթեման (ենթաթեմայի երկրորդ մասը բացակայում է):
- Դասագրքում կիսատ է ներկայացված «Հայոց եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդները, եկեղեցիների կառուցվածքը» ենթաթեման (միայն մի քանի նախադասությամբ ներկայացվել է նվիրապետությունը, իսկ խորհուրդների, եկեղեցիների կառուցվածքի մասին ոչ մի խոսք չկա):
- «Այդ նույն ժամանակ Արտագերս ամրոցում ամրացած Փառանձեմ թագուհին փորձում էր դիմադրել պարսիկներին, մինչ որդին՝ Պապը, կվերադառնար Բյուզանդիայից» (էջ 118), որը սխալ է․ Բյուզանդիա այդ ժամանակ գոյություն չուներ:
- «Արշակին հաջորդած երիտասարդ Պապ արքան (70-74) գահ է բարձրանում շատ ծանր պայմաններում» նախադասության մեջ վրիպակ կա, պետք է լինի (370-374) (էջ 118):
- Ընդհանրապես չի խոսվում Վարազդատ արքայի, Մուշեղ սպարապետի սպանության, Պապի որդիների գահակալության մասին (էջ 120)։
- «Արշակունիների կառավարման տարիներին Հայաստանը մշտապես գտնվում էր արևմուտքի և արևելքի ՝ Հռոմի և Պարթևստանի, իսկ ապա Սելևկյանների լարված մրցակցության պայմաններում» (էջ 120) դասագրքի տեքստում սխալ կա, Սելևկյան պետություն Արշակունիների օրոք գոյություն չուներ։
Թեմա 5․ Հայկական պետականության նախարարական շրջանը (վերնագիրը դասագրքում վերանվանվել է «Հայաստանը Պարսկաստանի, Բյուզանդիայի և Արաբական Խալիֆայության միջև»)
- «Տրվում է կրոնի ազատություն, հանվում են հարկերը, բայց և Վասակ Սյունին զրկվում է մարզպանի պաշտոնից, ձերբակալվում է և մահանում բանտում» (էջ 131)։ Այստեղ սխալ պնդում կա, քանի որ հարկերը թեթևացվել են, այլ ոչ թե հանվել։
- Վահանանց պատերազմը վերնագրվել է «Նվարսակի պայմանագիրը» (էջ 131)։
- «Հայաստանի ինքնավարության վերականգնումը» ենթագլխում խոսվում է Ումմայաններին հաջորդած Աբբասյանների օրոք Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին, և այդ ենթատեքստում նշվում է 705 թ. դեպքերի մասին (էջ 144), որը սխալ է, քանի որ Աբբասյանները իշխանության են եկել 750 թ․։
- Դասագրքում բացակայում է ծրագրով նախատեսված «Հայոց եկեղեցին VII-VIII դդ.» ենթաթեման։
- «Իսկ 850-851 թթ. տեղի ունեցավ հայերի մյուս խոշոր ապստամբությունը» (էջ 145)։ Սխալ է, պետք է լինի՝ 850-855 թթ․։
- Դասագրքում բացակայում է ծրագրով նախատեսված «Տնտեսությունը, առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները Հայաստանում V-IX դարերում» ենթաթեման։
- Թեմա 6. Ազգային-քրիստոնեական մշակույթի ձևավորումն ու զարգացումը IV-IX դդ․ (վերնագիրը դասագրքում վերանվանվել է «Հայաստանի վաղ միջնադարյան մշակույթը (V-IX դդ.)»)
- Ծրագրով նախատեսված «Հայ մշակույթի ոսկեդարը և ազգային-քրիստոնեական մշակույթի զարգացումը VI-IX դդ. (թարգմանական գրականությունը, Հայ ինքնուրույն գրականության սկզբնավորումը… )» ենթաթեմայում բացակայում է «Հայ ինքնուրույն գրականության» մասին տեքստը (էջ 149)։
- «Այսպես՝ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդն ու Ղազար Փարպե-ցին, միմյանց շարունակելով և լրացնելով, շարադրել են III-IV դդ. հայոց պատմությունը։» (էջ 150), որ սխալ է, որովհետև Ղազար Փարպեցին իր «Պատմություն Հայոց» երկում իրադարձությունների նկարագրությունը հասցրել է մինչև 484 թ. (5 դար):
- «Իր «Իմաստության սահմանները» դասական փիլիսոփայական աշխատության մեջ վարպետորեն կարողացել է համադրել փիլիսոփայական գաղափարներն ու քրիստոնեական վարդապետությունը» (էջ 151) (Դավիթ Անհաղթին է վերաբերում խոսքը), աշխատության անվանումը սխալ է, պետք է լինի «Իմաստասիրության սահմանումները»։
Թեմա 7
- Աբաս արքայի գահակալության մասին դասագրքում ընդհանրապես տեղեկությունները բացակայում են։
- «Աշոտ III-ի կատարած կարևոր քայլերից էր նաև այն, որ նա կաթողիկոսանիստ աթոռը տեղափոխեց Շիրակ (Արգինա)՝ ապահովելով եկեղեցու միասնականությունը» (էջ 162)։ Սխալ է, քանի որ կաթողիկոսանիստ աթոռը Արգինա է տեղափոխվել Աբաս արքայի օրոք, 949 թ․։
- «Բագրատունիների տերությունը IX դ. վերջին և X դ. սկզբին» քարտեզում (էջ 166) Բագրատունյաց թագավորության տարածքի վրա գրված է Մեծ Հայք, որը կոպիտ սխալ է։
- Կցկտուր է ներկայացված Բագրատունյաց Հայաստանի ամենահզոր գահակալ Գագիկ I-ի գործունեությունը, վարած արտաքին և ներքին քաղաքականությունը։
- «Գագիկ I-ի օրոք արտաքին պայմանները դեռ նոր էին կայունացել, երբ բյուզանդական բանակները հայտնվեցին Բագրատունյաց Հայաստանի սահմաններին։ Արևմուտքից եկող վտանգի առաջին զոհերը եղան Տարոնը, հետո Տայքը և Վասպուրականի Արծրունիների թագավորությունը» (էջ 167)։ Ձևակերպումը բավականին անհաջող է, քանի որ հասկացվում է, իբր Տարոնը նվաճվել է Գագիկ I-ի օրոք, այնինչ դա տեղի է ունեցել 966 թ․։
- «Երկրի գերագույն տերը հայոց արքան էր, որին անվանում էին «հայոց շահնշահ»» (էջ 170)։ Սա սխալ պնդում է, քանի որ Աշոտ I և Սմբատ I թագավորներն այդ տիտղոսը չեն կրել։
- «Հզոր հեծելազորը բաղկացած էր արքունական և մարզպանական գնդերից, որոնց ընդհանուր թիվը հասավ 80-100 հազարի» (էջ 171)։ Սա ևս սխալ պնդում է, քանի որ ամբողջ բանակի թիվն էր այդքան, այլ ոչ թե միայն հեծելազորինը։
- Դասագրքում բացակայում է ծրագրով նախատեսված «Հայոց եկեղեցին Բագրատունյաց ժամանակաշրջանում» ենթաթեման։
ԱՇՈՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ