ԳլխավորԽճանկար

Անձի ակտիվությունն ուղղակի կախված է նրա բնազդային մղումներից. Զիգմունդ Ֆրոյդ

Զիգմունդ Ֆրոյդ

Հրեական ծագում ունեցող ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի (իսկական անունը՝ Սիգիզմունդ Շլոմո, 6 մայիսի, 1856- 23 սեպտեմբերի, 1939) ծննդյան օրն է։

Շատ համառոտ ներկայացնում ենք «Անձի հոգեվերլուծական տեսությունը» ըստ hogeban.info-ի։

Ըստ Ֆրոյդի` անձի ակտիվությունը ուղղակի կախված է նրա բնազդային մղումներից` առավելապես սեռական բնազդից և ինքնապահապանման բնազդից. մարդիկ չեն կարող բացեիբաց արտահայտել իրենց բոլոր ցանկություններն ու դրսևորեն իրենց բնազդները, ինչպես կենդանական աշխարհում, այդ պատճառով էլ շ ստիպված են լինում ճնշել և սահմանափակել դրանք:

Այսպիսով, բնազդային մղումները, համարվելով ամոթալի, հակասոցիալական, դուրս են մղվում գիտակցականից դեպի անգիտակցական ոլորտ, որտեղից շարունակում են կառավարել անձի վարքը` արտահայտվելով մարդկային մշակույթի տարբեր մակարդակներում և մարդկային գործունեության տարբեր արդյունքներում (սուբլիմացիա):

Անգիտակցական մակարդակում բոլոր բնազդները սկսում են միավորվել և կախված իրենց ծագումից` ստեղծում են տարբեր կոմպլեքսներ, որոնք էլ Ֆրոյդը համարում է անձի ակտիվության իրական պատճառներ: Համապատասխանաբար հոգեբանության ամենակարևոր առաջադրանքն է այդ անգիտակցական կոմպլեքսների դուրս բերումը գիտակցության մակարդակ, որի շնորհիվ անձը կարողանում է հաղթահարել ներանձնային կոնֆլիկտները (հոգեվերլուծական մեթոդ): Այդպիսի մղումների պատճառ կարող է լինել նաև էդիպյան կոմպլեքսը, որի էությունը հետևյալն է. մոտ չորս տարեկանում տղայի` մոր հանդեպ մղումների պատճառով սկսում է ատելությունը հոր նկատմամբ: Ֆրոյդը անձի դրսևորած ակտիվությունը բացատրում է որպես սեռական մղումները դուրս բերելու միջոց: Այսինքն` մարդու ակտիվությունը կառավարում է սեռական բնազդը (էրոս): Այնուհետև նա ձևակերպեց մահվան բնազդը (թանատոս), որն ավելի ավելացրեց նրա մի շարք համախոհների և տարբեր ոլորտների հոգեբանների հակադրությունն ու քննադատությունները:

Հոգեվերլուծությանը բնորոշ է անգիտակցականի` որպես անձի վարքը կառավարող գործոնի ընդունումը: Ֆրոյդը գտնում էր, որ հարկավոր է ընդունել այն փաստը, որ իրերը այնպիսին չեն, ինչպես մենք նրանց տեսնում ենք, որ մարդկային վարքն ու գիտակցությունը ղեկավարվում են անգիտակցական դրդապատճառներով: Հոգեվերլուծությունը հաստատում է, որ վաղ ձևավորվող կյանքի փորձը բերում է ներքին աշխարհների կազմավորմանը:

Այսինքն` անձի ներաշխարհի ձևավորումը տեղի է ունենում շատ վաղ մանկության շրջանում, որն արդեն իրենից ներկայացնում է ողջ կյանքի ընթացքի կառուցվածքավորված հիմքը` հոգեկան իրականությունը: Համարյա թե բոլոր հոգեվերլուծական դպրոցներն էլ ընդունում են այն փաստը, որ գիտակցությունը և մեր ներաշխարհը` ձևավորված մանկության շրջանում, պարբերաբար փոփոխվում են տագնապից խուսափելու նպատակով: Հոգեբանական պաշտպանությունը արդեն ուղղվում է այնպիսի ներաշխարհի ստեղծան վրա, որ անձը կարողանա խուսափե բոլոր տագնապներից. պաշտպանական մեխանիզմները  ի հայտ են անգիտակցորեն և կառավարում են մեր իռացիոնալ վարքն ու ենթադրությունները:

Հոգեվերլուծողները կարծում են, որ մարդկության հիմնական դժվարութունը ԷԳՈ-ի և ՍՈւՊԵՐԷԳՈ-ի միջև առաջացող կոնֆլիկտի հաղթահարումն է. սոցիումի պահանջների և անձի պահանջների կոնֆլիկտ, որն էլ տագնապ է առաջացնում:

Ֆրոյդը հոգեկանը համեմատում էր այսբերգի հետ: Անձը կազմված է 3 հիմնական բաղադրիչներից.

1. ԻԴ— ներառում է բազային բնազդներ, ցանկություններ, իմպուլսներ, որոնք բնածին են` Էրոսը և Թանատոսը: Առաջնորդվում է հաճույքի սկզբունքով:

2. ԷԳՈ-բանականությունն է: Այն բնազդների բավարարման ուղիներ է փնտրում` հասարակության նորմերն ու կանոնները հաշվի առնելով, առաջնորդվում է իրականության սկզբունքով:

3. ՍՈւՊԵՐԷԳՈ-ձևավորվում է դաստիարակության ընթացքում ծնողական և սոցիալական արժեքների ինտերիորիզացիայի` ներքնայնացման արդյունքում: Սա մեր խիղճն է, գործում է բարոյական սկզբունքի հիման վրա, նորմերի խախտման դեպքում մեղքի զգացում  է առաջացնում:

ԷԳՈ-ի ամենակարևոր ֆունկցիան տագնապի և մեղքի դեմ պաշտպանական մեխանիզմների  ձևավորումն  է: Դրանք  անգիտակցական հոգեբանական տակտիկաներ են, որոնք օգնում են պաշտպանել մարդուն տհաճ հույզերից: Նևրոտիկ տագնապը ազդանշան է, որ անգիտակցական ազդակները սպառնում են հաղթահարել պաշտպանական մեխանիզմները և հասնել գիտակցության:

Ֆրոյդը առաջինը բնորոշեց հոգեկանը որպես «մարտի դաշտ»:

Հիմնական մեթոդներ. Ազատ ասոցիացիաների վերլուծություն, որոնք օգտագործվում են սխալների վերլուծության ժամանակ, մարդու երազների վերլուծություն, ինքնավերլուծություն, հակազդեցության մեկնաբանություն և այլն:

Նպատակ. Դուրս մղված, աֆֆեկտավորված նյութը անգիտակցականից հասցնել գիտակցական մակարդակ` կյանքի համար կարևոր գործունեությունների մեջ այդ էներգիան կիրառելու նպատակով, որը, ըստ Ֆրոյդի, հնարավոր է հուզական արձագանքի, հույզերի բուռն դրսևորման և դրա միջոցով հանգստության ձեռք բերման դեպքում (կատարսիս):

Հոգեվերլուծական տեսությունը հիմնական արժանիքներից է անգիտակցական մակարդակի ուսումնասիրությունը, հայտնաբերումը, կլինիկական մեթոդների կիրառումը, այցելուի իրական խնդիրների և հույզերի հայտնաբերումն ու ուսումնասիրումը: Չնայած նրա, որ հոգեվերլուծությունը անգնահատելի դեր ունեցավ հոգեբանության մեջ, այն նաև ունի իր թերությունները, ինչպիսիք են բարձր սուբյեկտիվությունն ու ամեն ինչը սեռականին հանգեցնելը, ինչպես նաև ուղղվածությունը միայն դեպի անցյալը: