ԳլխավորԼուր

Ինչո՞ւ մեզ դեռ մանկուց  չեն սովորեցնում սովորել. «Արմենպրես»

Դասախոսության ժամանակ

Քննաշրջանի սկսվելուն պես շատ ուսանողներ ծանր սթրես են տանում, քանի որ շատերը քննությանը պատրաստվելը թողնում են վերջին օրերին և նյութն արագ յուրացնելուց հետո նույնքան արագ էլ մոռանում: Շատ ուսումնասիրություններ փաստում են, որ կան մեթոդներ, որոնք օգնում են ավելի լավ յուրացնել նյութը: Հոգեբան Լիլիթ Վարդանյանի հետ «Արմենպրեսը» զրուցել է սովորելու արդյունավետ մեթոդների մասին՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ մեզ դեռ մանկուց  չեն սովորեցնում սովորել:

— Սովորաբար կարճ ժամանակահատվածում յուրացված նյութը նույնքան հեշտ էլ մոռացվում է, ինչպե՞ս նյութը ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ հիշողության մեջ պահենք:

— Ճիշտ նկատեցիք, որոշ ուսանողներ քննական նյութը յուրացնելը թողնում են վերջին օրվան, այն անգիր են անում և  դա հիմնավորված գիտելիքի չի վերածվում: Խորհուրդ կտայի առանձնացնել նյութի  ամենակարևոր բառերը, որոնք ասոցիատիվ հիշողության միջոցով կկարողանանք մտապահել:  Նյութը մասերի բաժանելը և վերնագրելը  նույնպես արդյունավետ է, քանի որ այս դեպքում նույնպես գործ ունենք ասոցիատիվ հիշողության հետ, նյութի յուրաքանչյուր հատվածի վերնագիրը կարդալիս կհիշենք, թե ինչ էինք կարդացել այդ վերնագրի տակ:

—  Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մեզ մանկուց չեն սովորեցնում սովորել:

— Համակարգն ի սկզբանե սխալ է դրված, կա կարծրատիպ, որ եթե ինչ-որ բանը անգիր գիտես, ուրեմն լավ գիտես, ինքս իմ պրակտիկայում անգիր չեմ պահանջում, դրա փոխարեն հարցնում եմ` ի՞նչ հասկացաք նյութից, ի՞նչ ինքնավերլուծություն ունեք նյութից: Նկատել եմ, որ հիմա անգիր անելուց հրաժարվելու միտում կա, քանի որ հիմնականում բառապաշար յուրացնելու համար են անգիրներ հանձնարարում:

— Ինչպե՞ս եք անում, որ Ձեր ուսանողները նյութը չեն թողնում քննաշրջանի մոտ օրերին:

-Եթե ուսանողը սիստեմատիկ աշխատանք տանի կիսամյակի ընթացքում, նման խնդիր չի առաջանա, ես ուսանողներիս գործնական առաջադրանքներ եմ տալիս: Սա պարտավորեցնում է ուսանողին, որ կրկնի անցած նյութերը: Երբ առաջադրանքները գնահատվում են, հարցաշարից մի շարք հարցեր դուրս են գալիս, սա էլ թեթևացնում է քննությանը պատրաստվելը:

— Երբ ուսումնասիրում էի թեման, մի մեթոդի հանդիպեցի, ըստ որի, եթե սովորողը պատրաստվում է  օրինակ`  մաթեմատիկայի և բնագիտության քննության, նյութը լավ  յուրացնելու համար կարող է որոշ ժամանակ մեկը պարապել և հետո կտրուկ անցնել մյուսին, ի՞նչ եք կարծում,  որքանո՞վ է այս մեթոդը արդյունավետ:

— Մեր ուղեղը շատ շուտ հոգնում է ինֆորմացիայից և չի կարող երկար ժամանակ կենտրոնանալ մեկ նյութի վրա: Կարծում եմ, որ ուղեղին անընդհատ նոր ինֆորմացիա տալով՝ մենք շահագրգռում ենք այն և ավելի շատ տրամադրում նոր ինֆորմացիան ընկալելուն:

— Խմբով պարապմունքնե՞րն են առավել արդյունավետ, թե՞ առանձին:

— Խմբային պարապմունքների ժամանակ մենք կարող ենք իրար հարցեր տալ, ստանալ հետադարձ կապ, թիմ ձևավորել, սովորել աշխատանքի ճիշտ բաժանում անել, բայց շատ ուսանողներ եմ ունեցել, որ մոտեցել և խնդրել են առանձին անել աշխատանքը, սա, գուցե, ավելի ժամանակատար է, բայց հնարավորություն է տալիս կողքից նկատել այնպիսի բաներ, որոնք չէիր նկատի թիմում աշխատելու դեպքում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։