ԳլխավորԽճանկար

Մոսկվայում կորոնավիրուսը «երիտասարդացել է». պատճառը նաեւ հորմոններն են

Կորոնավիրուսը «երիտասարդացել է»։ Մոսկվայի Հիվանդության վերահսկման եւ իրավիճակի մոնիտորինգի օպերատիվ շտաբի տվյալներով՝ մայրաքաղաքի COVID-19-ով վարակված բնակիչների կեսից ավելին 45 տարեկանից փոքր է։ Ռուսաստանի առողջապահության նախարարության համաճարակային հիվանդությունների գլխավոր արտահաստիքային մասնագետ Ելենա Մալիննիկովայի կարծիքով՝ պատճառներից մեկը առաջին օրերին ինքնամեկուսացման ռեժիմի խախտումներ են, երբ շատ մարդիկ զբոսախնջույքներ էին կազմակերպում զբոսայգիներում ու անտառներում։ Որոշ փորձագետներ էլ նշում են, որ երիտասարդներին հատուկ է ցանկացած բարդ իրավիճակի ծավալները թերագնահատելը։ Իսկ որոշ մարդիկ էլ հատուկ են խախտում բոլոր խորհուրդներն ու կանոնները։ Ստորեւ՝ «ՌԻԱ Նովոստիի» անդրադարձը։

«Կասկածում են հիվանդության իրական լինելուն»

Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Մալիշեւը նշում է, որ COVID-19-ով վարակված երիտասարդ պացիենտների թիվը վերջին օրերին իրոք ավելացել է։ «Այժմ վարակվածների կեսից ավելին 45 տարեկանից փոքր է»,-ասում է նա եւ նշում նման «բռնկման» 2 պատճառ. առաջինը՝ տարիքային այդ խմբում թեստավորումների աճը, եւ երկրորդը՝ ինքնամեկուսացման ռեժիմի խախտումները։

Սոցիալական հոգեբան Ալեքսեյ Ռոշչինի կարծիքով՝ մինչեւ 30 տարեկան մարդկանց մեծ մասի, հատկապես անչափահասների համար շատ դժվար է տանը նստել։ «1-2 օր նրանք կարող են դիմանալ, իսկ հետո, ամենայն հավանականությամբ, կխախտեն արգելքը։ Նաեւ՝ հակառակ սեռի հետ շփվելու համար։ Հորմոններն իրենց զգացնել են տալիս, եւ դրանից չես փախչի»,-ասում է նա։

Իհարկե, իր դերն է խաղում նաեւ հոգեբանությունը։

«Գաղտնիք չէ, որ երիտասարդներն իրենց անմահ են համարում։ Նրանց ավելի դժվար է համոզել, որ իրենց լուրջ վտանգ է սպառնում, հատկապես երբ նրանք դա չեն տեսնում։ Չէ՞ որ կորոնավիրուսի վարակը մեզ մոտ այնքան ակնհայտ չէ, որքան, օրինակ, Իտալիայում, որտեղ մահախոսականները թերթերի մի քանի էջեր են կազմում։ Կամ Չինաստանում, որտեղ մարդիկ հենց փողոցում ուշագնաց էին լինում։ Վարակման վտանգի մասին միայն լրատվամիջոցներն են պնդում։ Բայց մեր երիտասարդությունը թերթեր ու ամսագրեր գրեթե չի կարդում։ Տեղեկատվություն նրանք ստանում են հիմնականում սոցիալական ցանցերից կամ անձնական շփւմներից»։

Ստացվում է, շարունակում է հոգեբանը, որ ինքնամեկուսացման քարոզի բոլոր ջանքերը ուղղված են ավագ տարիքի մարդկանց, ովքեր հեռուստահաղորդումներ են դիտում եւ թերթեր են կարդում։ Բայց հենց նրանք էլ չեն կասկածում կոշտ միջոցների անհրաժեշտությանն ու վտանգի իրական լինելուն։

Իր դերն է խաղացել նաեւ առաջին օրերին մի շարք լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունը, թե  իբր երիտասարդներին վիրուսը կա’մ չի վարակում, կա’մ ախտանշաններ չի առաջացնում։ «Եվ շատերը, հավատալով այդ չստուգված տեղեկությանը, որոշեցին. «Ուրեմն սարսափելի ոչինչ չի կատարվի, եթե նույնիսկ վարակվեմ։ Մի թեթեւ կհազամ ու վերջ»»։

Բացի այդ, Ալեքսեյ Ռոշչինը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ցանկացած երկրում երիտասարդությունը «բողոքավոր է» մեծերի աշխարհի նկատմամբ։

«Այդ իսկ պատճառով որոշ երիտասարդների համար նույնիսկ պատիվ է՝ շրջել առանց դիմակի, խախտել կարանտինը։ Իսկ ուրիշների մոտ բողոքն արտահայտվում է   հիվանդության իսկության վերաբերյալ կասկածանքով. «Ամեն ինչ սուտ է, ոչ մի համաճարակ էլ չկա, իսկ վիրուսը սովորական գրիպից ուժեղ չէ»»։

«Տարեց մարդկանց համար տեխնիկապես ավելի հեշտ է ինքնամեկուսացվել»

Գործընկերոջ հետ հիմնականում համաձայն է Պետերբուրգի պետական համալսարանի սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Տատյանա Յանիչեւան։

«Անչափահասներն ու երիտասարդները թոշակառուներից հետո սոցիալական ցուցիչներով  երկրորդ թիրախային խմբում են։ Տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ նրանց համար ավելի դժվար է դիմանալ սոցիալական մեկուսացմանը, չէ՞ որ հասակակիցների հետ շփումն այդ տարիքի գլխավոր պահանջներից է»։

Յանիչեւան հարցում է անցկացրել այն ուսանողների շրջանում, ում դասավանդում է (այժմ՝ հեռավար)։ Եվ նրանց մեծ մասը նշել է, որ իրենց խիստ չի բավականցնում հենց կենդանի շփումը։

Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի, ընտանիքի եո ժողովրդագրության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Սիդելնիկովի կարծիքով՝ այս խնդիրը ոչ միայն հոգեբանական կողմ ունի։

«Ճիշտ է, երիտասարդներն ավելի համարձակ են իրենց պահում, հատկապես որ սկզբնական շրջանում բազմաթիվ լրատվամիջոցներ անընդհատ կրկնում էին, որ հիվանդությունն ախտահարում է գլխավորապես տարեց մարդկանց, եւ որ մահացածների մեծ մասը 70-ն անց է։ Այդ պատճառով էլ ավելի եիտասարդների մոտ տպավորություն էր ստեղծվել, որ իրենց համար վիրուսն այնքան էլ վտանգավոր չէ։

Սակայն պետք է հաշվի առնել նաեւ սոցիալ-տնտեսական գործոնը։ Տարեցներին զուտ տեխնիկապես ավելի հեշտ է ինքնամեկուսացվել. նրանք աշխատանքի գնալու կարիք չունեն, Մոսկվայում եւ մյուս քաղաքներում նրանց համար ուտելիքը տուն են բերում։ Իսկ երիտասարդների մեծ մասն աշխատում է, չնայած մի մասը հեռավար ռեժիմի է անցել։ Բայց վարորդները, ոստիկանության, մթերային խանութների աշխատակիցները, առաքիչները ստիպված են լինել հասարակական վայրերում, այսինքն՝ ավելի շատ են վարակվելու ռիսկի ենթարկվում»,-եզրափակել է պրոֆեսորը։

usanogh.am

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի

Comment here