ԳլխավորԼուր

Հայաստանի գրադարաններում ամենապահանջված գրքերը փետրվարին

Գրքեր՝ Ազգային գրադարանում

Հայաստանի Ազգային գրադարանը ներկայացնում է, թե որ գրքերն են ամենամեծ պահանջարկը վայելել Երևանի և մարզային գրադարաններում փետրվար ամսին։

«Փետրվարն իրավամբ ներկայանում է ամենայն հայոց բանաստեղծի պատկերով։ Եվ Թումանյանի սիրելի նկարը վստահաբար կարելի էր տարածել բոլոր 10 մարզերի և Երևանի ուրվագծային տարածքների վրա, քանի որ փետրվարին Թումանյանի ծննդյան օրը գիրքը բոլորի տներն է մտնում։

Ժամանակակից հանրաճանաչ հեղինակներից Աշոտ Աղաբաբյանի գրքերից երեքը՝ «Թակարդ», «Մենակը» և «ՌԵզիդենտը» կան ցուցակներում։ «Մենակը» վեպը ավելի քան 60 անգամ սպասարկվել է քարտեզի կազմման ծրագրի մասնակից գրադարաններում։ Հաշվի առնելով այն, որ փետրվարին Ա. Աղաբաբյանը գրական հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Ապրիր և ապրեցրու» վեպը, ապա նրա անունը նաև առաջիկա ամիսներին կշարունակի մնալ թոփ տասնյակներում։

Գրադարաններում շարունակվում է Ագաթա Քրիստիի գրքերի հաղթարշավը: Նրա դետեկտիվ վեպերից 9-ը ընդգրկված են գրադարանների ցուցակներում։ Ագաթա Քրիստիի վեպերից երեքը հայտնվել են Հայաստանի գրքային քարտեզում, քանի որ դրանք գլխավորում են Երևանի, Լոռու և Շիրակի մարզային գրադարանների տասնյակները։

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» և Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» գրքերը գլխավորում են Արագածոտնի մարզային գրադարանի թոփ տասնյակը։ Արարատի մարզային գրադարանի ցուցակի առաջատարն է կանադացի գրող Լուսի Մոնտգոմերիի «Աննան կանաչ կտուրներից» մանկական վեպը, իսկ Արմավիրում նախընտրությունը տվել են Սթիվեն Քինգի «Կանաչ մղոն» և Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերոնի համար» վեպերին։

Գրադարաններում բարձր պահանջարկ ունեն Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի», Անի Միրզոյանի «Երևան-Փարիզը միայն չվերթ չէ», Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր», Խալեդ Հուսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպերը։ Ամենից հաճախ սպասարկված գրքերի ցուցակում են հայտնվել ամերիկացի գրող Մարիո Պյուզոի «Կնքահայրը», Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» և Հովսեփ Վարդանյանի «Ագապի» վեպերը։

ժամանակակից հայ հեղինակներից թոփ տասնյակներում տեղ են գտել նաև Սյունե Սևադայի «Աղի թեյ» և «Կախվածություն», Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես», «Հուշացած ակնթարթներ» և «Սիրելուց հետո» գրքերը։

Ընդհանուր առմամբ թոփ ցուցակներում ընդգրկված է 54 հեղինակի (որից 22-ը՝ հայ) 71 գիրք։ Թոփ ցուցակների գրքերի առյուծի բաժինը վերջին հինգ տարում տպագրված գրքերն են»,-նշված է հաղորդագրության մեջ։