ԳլխավորԽճանկար

Արցախցիների հանդեպ մեղքի զգացումը պետք է վերածել պատասխանատվության զգացման. հոգեբան

Հոգեբան Անուշ Ալեքսանյան

Արցախի ժամանակավոր կորստից, արցախցիների բռնի տեղահանումից, պատերազմի թողած անդառնալի հետևանքներից, ֆիզիկական և բարոյահոգեբանական ճնշումներից հետո մեր ժողովուրդը հոգեբանական լուրջ ճգնաժամի մեջ հայտնվեց:

Usanogh.am-ը մեր ներկայիս դրության, անելիքների ու սպասվող մարտահրավերների մասին զրուցեց հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:

-Տիկի´ն Ալեքսանյան, մարդիկ առհասարակ, և այս օրերին ևս տարբեր կերպ են կորուստը, վիշտը վերապրում: Եվ հաճախ մեկի դրսևորումն ու վարքագիծն այնքան էլ հասկանալի չէ մյուսի համար: Ինչպե՞ս հաղթահարել այդ անջրպետը:

-Ինչ-որ մեկը կարող է խորը էմպատիա ունենալ, տառապանք ապրել այս իրավիճակում, մյուսն ավելի թույլ է ապրումակցում: Մեկն ավելի լուրջ ինքնակարգավորման մեխանիզմներ ունի, կարողանում է ինքն իրեն վերադարձնել պրակտիկ կյանքին, մյուսը` ոչ: Սա և´ ընկալման, և´ ինքնակարգավորման որոշակի հմտությունների հարց է: Սթրեսային իրավիճակին մարդիկ կարող են տարբեր կերպ արձագանքել. մեկն ուժեղ բարկությամբ է արտահայտվում, մյուսը կարող է միանգամից հանձնվել, մեկ այլ մարդ կարող է փախուստի ձևեր մտածել` ինքն իրեն պաշտպանելու համար:

-Հիմա նաև շատ են իրար մեղադրում, ոմանք քննադատում են մեր հայրենակիցներին, ասենք, սրճարանում կապուչինո խմելու համար: Սա առո՞ղջ մոտեցում է:

-Մեկը կարող է մակերեսային մեղադրանք հնչեցնել` պարզապես ցույց տալու համար, որ ինքը շատ հետաքրքրված է երկրում տեղի ունեցող իրադարձություններով. դա իր շահագրգռվածությունը դեմոնստրացնելու մի ձև է, որը բխում է խորքային մեղքի զգացումից: Տվյալ մարդը մեղքի զգացում ունի, մտածում է, որ պարտավոր է ինչ-որ բան անել, և այդ զգացումը կոմպենսացնում է` մեղադրելով ուրիշներին: Մեղադրելու պատճառներից մեկն էլ անզորության զգացումն է: Առհասարակ, մեղադրանքը, բարկությունը բխում են անզորության զգացումից: Իսկ ուրիշն էլ, բնականաբար, կարող է խորքային պատճառ ունենալ մեղադրանք հնչեցնելու համար:

-Մեղքի զգացումը այս օրերին շատերին չի լքում: Դա հոգեկան առողջության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

-Մեղքի զգացումը ինքս չեմ համարում օգտակար զգացում: Այն պետք է վերածել պատասխանատվության զգացումի: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր դերն ու ազդեցությունը ստեղծված իրավիճակում: Պետք է ոչ թե մեղավոր զգալ, ընկճվել և դեպրեսիայի մեջ ընկնել, ինքնամփոփվել, այլ հասկանալ` որն է մեր դերն այս իրավիճակում, ինչպիսի ազդեցություն կարող ենք ունենալ իրավիճակի վրա:

-Կա՞ն արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ասել մեր տեղահանված հայրենակիցներին:

-Հարկավոր է խուսափել այնպիսի բառերից ու նախադասություններից, որոնք կարող են արժեզրկել մարդու կորուստը, չհասկացվածության զգացում առաջացնել: Օրինակ` «Ոչինչ», «Դե, լավ կլինի», «Ավելի վատ էլ է լինում» չի´ կարելի ասել: Իհարկե, կարելի է ասել. «Ամենակարևորն այն է, որ դուք ողջ-առողջ եք», «Ամեն բան կարող է կարգավորվել», «Դեռ հնարավորություն կա ինչ-ինչ բաներ շտկելու», «Մենք ամեն բան կանենք, որպեսզի իրավիճակը բարելավվի»:

-Խոստումների հարցում էլ, թերևս, պետք է զգույշ լինել…

-Խոստումներ տալ չի կարելի, եթե վստահ չեք, որ պահելու եք այն: Պետք է հնարավորինս գործնական հարցերի վրա կենտրոնանալ, փորձել օգնել մարդկանց իրենց կենսական խնդիրները լուծելու հարցում`կացարանի վայրից մինչև կենցաղային այլ հարցեր:

-Այդ աջակցությունն էլ պետք է լուռ անել, համաձա՞յն եք: Այս ողբերգության ֆոնին, ցավոք, քիչ չեն սեփական անձը, ընկերությունը «փիառ» անողները…

-Տեղահանված մեր հայրենակիցները հիմա բավական խոցելի վիճակում են: Իրենք կարող են սուր սթրեսային արձագանքներ տալ` առանց իրենց գործողությունների հետևանքը գիտակցելու: Ոչ մի կերպ չի´ կարելի այս մարդկանց մանիպուլացնել, ներգրավել փիառ ակցիաների մեջ` ցուցադելու համար, թե որքան բարեգործ եք: Կանցնեն ամիսներ, տարիներ, իրենք, հուսամ, լիովին կվերականգնվեն, ներքին դիրքորոշումը կփոխվի, և կարող են անհարմարության զգացում ունենալ այդ իրավիճակների համար: Պետք է հաշվի առնել, որ այս մարդիկ տուն-տեղ, ամեն ինչ ունեին. միանգամից է իրենց կյանքը գլխիվայր շրջվել:Մի օրում իրենք հայտնվել են չքավորի, օգնություն հայցողի դերում:

-Իսկ լրագրողները, որոնք հարցազրույցներ են անում, ռեպորտաժներ են պատրաստում բռնի տեղահանված արցախցիների հետ, ի՞նչ հիմնական կանոնների պետք է հետևեն: Օրինակ` բռնության ենթարկվածի, հարազատ կորցրածի հետ ինչպե՞ս խոսել:

-Նախ` հարցազրույցի վերաբերյալ մանրակրկիտ տեղեկություն պետք է տրվի` ինչ հարցազրույց է դա, ինչ ֆորմատով է այն հրապարակվելու, ինչ նպատակով է այն օգտագործվելու և այլն: Պետք է նրան, ով հարցազրույց է տալիս` ևս մեկ անգամ զգուշացնել` եթե տեղեկությունը հրապարակվի, այն դառնալու է բոլորի սեփականությունը, ով ինչպես ուզի` կարող է, օրինակ, կտրել և տարածել:

-Երեխաների հետ ինչպե՞ս զրուցել:

-Եթե զրուցավարը նպատակ ունի երեխայի միջոցով դիտումներ հավաքելու, դա ուղղակի անթույլատրելի է: Առհասարակ, ես այն կարծիքին եմ, որ Արցախի մեր հայրենակիցների հետ պետք չէ հրապարակավ խոսել, պետք է խուսափել իրենց վերապրածի մասին խոսելուց, պետք չէ դրդել, որ պատմեն:

-Իսկ եթե իրենք կարիք ունեն կիսվելո՞ւ:

-Կարող են իրենց ապրումները կիսել այն մարդու հետ, ում հետ կցանկանան, բայց պարտադիր չէ դա անել հրապարակային ձևով: Այլապես այս իրադրության մեջ արցախցի մեր հայրենակիցները իրենց մոտեցող ցանկացած մեկից կարող են օգնություն ակնկալել և իրենց թվա, որպետք է խոսեն: Այստեղ հոգեբանական նուրբ պահ կա: Այս կերպ մարդկանց կարող են մանիպուլացնել: Տեղահանվածների հոգեվիճակը պետք է կայուն պահել, նրանց պետք է բերել պրակտիկ խնդիրների լուծման հոգեվիճակի, և հետո արդեն հաջորդ` հոգեբանական աջակցության փուլում մասնագետը, եթե անհրաժեշտ լինի, կարող է քննարկել այն փորձը, որը նրանք ունեցել են:

-Շատ է խոսվում, թե ինչ իրավիճակում ենք մենք, բայց քչերն են խոսում, թե ինչ է սպասվում մեզ: Օրինակ` կարող են լինել դեպքեր, երբ արցախցի մեր հայրենակիցները այս կամ այն իրավիճակում, ելնելով իրենց հոգեբանական ծանր վիճակից, որոշակի ագրեսիվություն ցույց տան: Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր քայլերը:

-Այո, մենք պետք է պատրաստ լինենք նման իրավիճակների: Նույնիսկ հայաստանցի, այս պահին համեմատաբար ապահով վիճակում գտնվողներն են բարկանում, իրար մեղադրում այս իրավիճակում, դե պատկերացրեք` բուն կորուստը ապրած մարդը որքան բարկություն և ինչ-որ մեկին մեղադրելու ցանկություն ունի ներսում: Պահանջել, ակնկալել օբյեկտիվ, արդար գնահատական, պետք չէ: Այդ մարդիկ արդեն իսկ տրավմաներ ունեն, և նորմալ է, որ սուբյեկտիվ լինեն:

-Իսկ մեզ կարո՞ղ են այցելել տագնապային զգացողություններ, մտքեր, որ Հայաստանը ևս վտանգված է…

-Իհարկե, այդ մասին անընդհատ խոսվում է, և, բնականաբար, մարդիկ այդ անհանգստությունն ունեն: Այս իրավիճակում դա բնական է, թեև դա չի նշանակում, որ դրա հետ ոչինչ պետք չէ անել:

-Դուք համաձա՞յն եք այն մտքին, որ մենք վերադարձ կատարեցինք ցեղասպանվածի հոգեբանությանը:

-Ձևակերպումը մասնագիտական չէ, ես չեմ կարող այդպիսի բան ասել: Սա տրավմա է, կորուստ: Իսկ թե որքանով է այն արթնացնում, թարմացնում ազգային այդ տրավման, չեմ կարող ենթադրություն անել: Գուցե մարդիկ չունեն այդ զգացողությունը, և ֆիքսել նրանց դրա վրա, տեղին չեմ համարում:

-Մենք, ի վերջո, պետք է ընդունենք իրականությունն ու առաջ շարժվենք: Ի՞նչը պետք է մեզ համար խթան լինի:

-Օրգանիզմը, քանի կենդանի է, պայքարում է իր գոյության համար: Սա գոյության կռիվ է, և մենք պետք է ուժեղանանք: Այլ ճանապարհ պարզապես չկա: Գոյության պայքարում ուժեղներն են հաղթում: Կա´մ պետք է ուժեղանանք, կա´մ ասենք, որ «վերադարձել ենք ցեղասպանվածի հոգեբանությանը»: Կենդանի օրգանիզմն ունի ինքնապաշտպանական բնազդ, մենք պետք է դրան զարկ տանք:

-Իսկ կարո՞ղ է արցախցիներին խանգարել մեր գերուշադրությունն իրենց հանդեպ:

-Ոչ մի բանի մեջ չափն անցնել պետք չէ: Պետք է անել այնքան, որքան անհրաժեշտ է, և մարդկանց ինքնուրույնությունն ու անկախությունը չճնշել, օգնություն հայցողի հոգեբանությունը չսնել: Ես ուրախ եմ, որ արցախցիներին անընդհատ աշխատանքի առաջարկություններ են արվում: Միայն դա իրենց կապաքինի` աշխատել և ինքնուրույն իրենց կյանքը կարգավորել:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ