ԳլխավորԼուր

Եթե արցախցի ուսանողներին տեղափոխել չհաջողվի, ուսումը կկազմակերպվի առցանց

Արցախի պետական համալսարան (ԱրՊՀ)

Այս տարի բուհերի ընդունելության մրցույթին (ներառյալ ներբուհական մասնագիտությունները) Արցախի Հանրապետությունից  ընդունվածների թիվը 25 է: Այս մասին տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնից: Մասնավորապես` ընդունվածների թիվը ներառյալ Արցախի Հանրապետությունը 9172 է (առանց Արցախի` 9147):

«Շրջափակման պայմաններում փորձում ենք գտնել ելքեր Հայաստանի և արտերկրի բուհեր ընդունված արցախցիների տեղափոխությունը իրականացնելու ուղղությամբ, իսկ եթե դա մեզ չհաջողվի, կկազմակերպենք հեռավար ուսուցում ըստ համապատասխան բուհերի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների»,-Usanogh.am-ին տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:

Նրա խոսքով` Արցախում դիմորդների համար քննական գործընթացը անցկացվել է երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Վերջինս ավարտվել է հուլիսի 9-ին: Չնայած հովհարային անջատումներին` գործընթացը որևէ կերպ չի խաթարվել: Սակայն, նախարարի դիտարկմամբ, քննութուններից հետո պատկերն առանձնապես հուսադրող չէր, քանի որ չկային մրցակցային պայմաններ և առկա էր դիմորդների թվի նվազում. «Մի շարք կարևոր մասնագիտությունների գծով չունենք դիմորդներ, խոսքը հիմնականում բնագիտական ուղղությունների, օրինակ` «Քիմիայի», «Ֆիզիկայի» մասին է»,-ասաց նախարարը:

Շրջափակման պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել նաև արցախցի դիմորդների ֆիզիկական ներկայությունը հայաստանյան բուհերում ներբուհական քննությունների շրջանակում. «Ստիպված էինք այդ քննությունները կազմակերպել առցանց, հեռավար եղանակով: Այդ գործընթացը ևս կարողացանք բարեհաջող հաղթահարել»,-նշեց Նորայր Մկրտչյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ