ԳլխավորԼուր

«Չար մարդիկ կան շենքում թաքնված»․ Երևանում մանկապարտեզը տեղակայված է հոգեկան առողջության կենտրոնի շենքում

«Ձորափ» կենտրոն, մանկապարտեզ

Մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ԱԺ մի խումբ պատգամավորներ, իսկ հունիսի 16-ին ու 21-ին՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն և Երևանի N 34 մանկապարտեզ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցից։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզը տեղակայված է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի մասնաշենքերից մեկի առաջին հարկում։

Այցերի ընթացքում արձանագրվել են մանկապարտեզ հաճախող երեխաների մանկության շրջանում կրթություն ստանալու իրավունքի իրացման պատշաճ ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ։ Մասնավորապես՝ մանկապարտեզում գործում է 2 տարիքային խումբ՝ 1-ին խումբ՝ 3-5 տարեկան (25 երեխա), 2-րդ խումբ՝ 4-6 տարեկան (30 երեխա): 1-ին խմբի ննջասենյակի վերնահարկում գտնվում է «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձանց խաղասենյակը, իսկ 2-րդ խմբի ննջասենյակի պատուհանից բացվող տեսարանը «Ձորակ» կենտրոնի բակն է, որտեղ զբոսնում և իրենց ազատ ժամանակն են անցկացնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամք ստացող անձինք: Նշվածի հաշվառմամբ մանկապարտեզի վարչակազմը տեղեկացրել է, որ պատուհանները երբևէ չեն բացում և մշտապես փակված են լինում շերտավոր վարագույրներով, իսկ օդափոխություն կատարում են այն ժամանակահատվածում, երբ երեխաները դրսում են լինում։

Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են տեսանյութեր, որից պարզ է դառնում, որ «Ձորակ» կենտրոնի խնամարկյալները երեկոյան ժամերին ազատորեն դուրս են գալիս կենտրոնի տարածքից, ինչը կարող է վտանգավոր լինել ոչ միայն խնամարկյալի, այլ նաև տարածքի բնակիչների, այդ թվում՝ երեխաների համար: Այդ մասին տեղեկացրել են նաև բնակիչները, մասնավորապես՝ նշելով, որ հաստատությունից փախուստի դեպքեր են եղել։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձինք իրենց պատուհաններից հաճախ առարկաներ են նետում մանկապարտեզի տարածք: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն ականատես են եղել միջադեպի, երբ երկրորդ հարկից «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձն իր է նետել մանկապարտեզի բակի ուղղությամբ:

ՄԻՊ աշխատակազմի արձանագրմամբ՝ այցի պահին «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող իգական սեռի ներկայացուցիչն առանց վերնահագուստի 3-րդ հարկից ժեստերի միջոցով փորձում էր հաղորդակցվել բակում գտնվող անձանց հետ: Այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ մանկապարտեզի շենքը խոնավ է և ըստ աշխատակիցների՝ արտաքին վերանորոգումն ապարդյուն է:

Մանկապարտեզը չունի առանձին սանհանգույց աղջիկների ու տղաների համար, այլ առկա է մեկ սանհանգույց, որը չի համապատասխանում գործող օրենսդրական պահանջներին: Տվյալ սանհանգույցից օգտվում են նաև աշխատակիցները՝ այլ սանհանգույցի բացակայությամբ պայմանավորված:

Բացի այդ, մանկապարտեզը չունի դահլիճ երաժշտական և մարմնամարզական պարապմունքների համար, որի պատճառով դրանց բովանդակային ապահովման համար ննջասենյակներն են օգտագործվում իբրև դահլիճ:

Այսպիսի պայմաններում, թեև անմիջական ազդեցություններն աշխատակիցների կողմից հնարավոր է որոշակիորեն վերահսկել, սակայն երեխաների նկատմամբ առկա են նաև միջնորդավորված ազդեցություններ՝ ձայներ, տեսարաններ, որոնց ազդեցությունն ուղղակիորեն դուրս է աշխատակիցների վերահսկողությունից։ Աշխատակիցների կողմից իրավիճակի վերահսկումը հիմնականում իրականցվում է երեխաներին զգուշացնելով՝ օրինակ՝ «այս ուղղությամբ չգնաք, չվազեք, վերև մի նայեք, ձայներին ուշադրություն մի դարձրեք և այլն»:

Արձանագրված խնդիրներից է նաև այն, որ երեխաների քնի կազմակերպման գործընթացը երբեմն լիարժեք չի իրականացվում, քանի որ երեխաների ննջասենյակը տեղակայված է «Ձորակ» կենտրոնի բակային հատվածում, և քնի ժամին հաճախ են լսվում ձայներ:

ՄԻՊ աշխատակազմի հոգեբան- փորձագետի ներգրավմամբ երեխաների հետ իրականացված աշխատանքների արդյունքները վկայում են, որ երեխաների մեծամասնության մոտ առկա է արտահայտված վախ հանկարծակի ուժեղ ձայներից, մարդկանցից: Մասնավորապես, երեխաները պրոյեկտիվ մեթոդների կիրառման և զրույցների ընթացքում նշել են, որ «հաճախ լսում են ինչ-որ ձայներ, բայց չեն հասկանում, թե որտեղից են լսվում այդ ձայները, քանի որ այդ ձայները արձակող մարդը թաքնվել է», իսկ երեխաներից մեկը նշել է, որ «չար մարդիկ կան շենքում թաքնված, որ հենց քնեն՝ այդ մարդիկ իրենց կվախեցնեն», մեկ այլ երեխա էլ պատմել է, որ «մի մարդու է տեսնում լուսամուտից, որ միշտ ջղային է, ու ինքը վախենում է այդ մարդուց»։

Բացի այդ, ՄԻՊ աշխատակազմի՝ համայնքի բնակիչների, այդ թվում՝ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների հետ զրույցներից պարզվել է, որ նշված պայմաններում նախադպրոցական կրթության կազմակերպումը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության զարգացման վրա: Օրինակ, ծնողներից մեկը նշել է, որ «իր երեխան արդեն 3 տարի է այլևս մանկապարտեզ չի հաճախում, սակայն պարբերաբար գիշերները մղձավանջային երազներից արթնանում է և խոսում այն մասին, որ տեսել է մանկապարտեզի չար մարդկանց»:

Մանկապարտեզի աշխատակիցներն առանձնազրույցների ընթացքում հայտնել են, որ ստեղծված իրավիճակին ընտելացել են. մեջբերում՝ «…սովորել ենք՝ մենք էլ, երեխաներն էլ»:

Բացի այդ, մանկատան բակային հատվածը հնարավորություն չի տալիս յուրաքանչուր խմբի համար առանձնացնել մանկական խմբային հրապարակներ: Հաստատության բակում տեղադրված էր միայն սահարան, իսկ դրա հարակից տարածքում առկա էին երկաթե սուր ելուստներով տաղավար և բակային խաղերի կազմակերպման համար վտանգավոր տարածքներ։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ մանկապարտեզի՝ «Ձորակ» կենտրոնի մասնաշենքերից մեկի առաջին հարկում տեղակայված լինելը և նման պայմաններում երեխաների նախադպրոցական կրթության ապահովումը չեն բխում երեխայի լավագույն շահից և խախտում են մի շարք միջազգային և ներպետական իրավական նորմերով նախատեսված պահանջներ։

Նշվածը վկայում է այն մասին, որ նկարագրված պայմաններում երեխաների կրթությունը և խնամքը կազմակերպելը ուղղակի և անուղղակի կերպով ազդում է երեխաների վարքի կամ հուզական վիճակի վրա՝ խաթարելով վերջիններիս բնականոն զարգացումը:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է խնդրի լուծման առնչությամբ հրատապ և կոնկրետ միջոցառումների իրականացումը, ինչը հնարավորություն կտա բացառել երեխայի՝ մանկության շրջանում կրթություն ստանալու իրավունքի շարունակական խախտման դեպքերը, ինչպես նաև կապահովի անվտանգ և ապահով միջավայրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կազմակերպումը: